ՀՀ-ն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ու հարակից ուղղություններում. ԲԿԳ

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարում և թափանցիկ, մասնակցային կառավարմամբ գտնվում է լավ դիրքերում. Հայաստանի ձեռքբերումներն այս ուղղությամբ տարածաշրջանում գերազանցում են նաև Վրաստանին. արձանագրումը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության վաշինգտոնյան Աջակից կենտրոնի Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Շրեյա Բասուինն է: Նա օրերս Երևանում էր, հանդիպել է արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին: Փոխնախարարի խոսքով՝ «Բաց կառավարման գործընկերության» օգնությամբ կազմակերպությունների «իրական շահառուների բացահայտման» նոր մեխանիզմներ են ներդրվում:

Երանուհի Թումանյանց (արդարադատության նախարարի տեղակալ ) - Անակխ նրանից՝ ով է սեփականատերը, իրավաբանական անձը պարտավորվում է հստակ գրել՝ ով է իրական շահառուն, դիվիդենտ ստացողը. նշվում են այդ անձի տվյալները: Դա բացահայտ է, և հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսինչ ԶԼՄ-ի իրական շահառուն և դիվիդենտ ստացողը այսինչն է:

Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011 թվականին, և նույն տարում Հայաստանը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի զարգացումը: Կառույցի՝ Հայաստան այցելած տարածաշրջանային տնօրենը դրական է գնահատել լրագրողական հետաքննություն իրականացնելու համար լրագրողների՝ նախկին վճարովի գործընթացի փոխարեն, այսուհետ անվճար կարգով «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից» օգտվելու հնարավորությունը: Թումանյանցը տեղեկացրեց՝ առաջիկայում գործարկվող «նվերների հայտարարագրման ռեեստրից» բացի՝ պաշտոնատար անձանց հայտարարագրման գործընթացի արագացման և արդյունավետության բարձրացման համար նույնպես ծրագրեր են մշակվում:

Երանուհի Թումանյանց - Այն կլինի արդեն որոշակի թվայնացման միջոցով, և այդ թվայնացումը մինչև տարվա վերջ կավարտվի. թե՛ պաշտոնյաների կյանքը կհեշտանա, թե՛ ստուգման գործընթացը, որովհետև թվայնացված ինչ-որ համակարգ կկարողանա շատ արագ ստուգել, դա չի լինի մարդկային գործոնի միջոցով:

ԲԿԳ-ի գնահատականների առանցքն այն է, թե որքանով են պետության քայլերը մասնակցային: Դատաիրավական բարեփոխումների հարցում հետաքրքրված ՔՀ-ի ներկայացուցիչների համար արդարադատության նախարարի հրամանով վերջերս աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ասում է «Ազատ քաղաքացի» նախաձեռնության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ քաղհասարակության ներկայացուցչի՝ կառուցվածքային երկխոսության համար նման հարթակներն անհրաժեշտ են. սկզբի համար սա լավ է, բայց օրինակին պետք է հետևեն նաև մնացած նախարարությունները:

Հովսեփ Խուրշուդյան («Ազատ քաղաքացի» նախաձեռնության ղեկավար) - Վարչապետը նույնիսկ պարբերաբար հանդիպում է ՔՀ ներկայացուցիչների հետ, որը հենց կառուցվածքային երկխոսության հարթակ է հանդիսանում, բայց իր ստորին օղակները՝ նախարարություններն ու այլ ստորաբաժանումները, ոչ բոլորն են ակտիվ ներգրավված կառուցվածքային երկխոսության այդ ձևաչափում:

Կառավարության և ԱԺ-ի հետ երկխոսության նոր հարթակների ձևավորում են նախատեսնում քաղհասարակության ներկայացուցիչները:

Հովսեփ Խուրշուդյան - Ընդ որում՝ հատուկ ընթացակարգերով, որոնք կներառեն նաև քաղհասարակության կարողությունների զարգացում ոչ միայն էլեկտրոնային ճանապարհով, օնլայն շփման միջոցով, ինչպիսին e-Draft-ն է:

Հայաստանը առաջընթաց է գրանցել հետևյալ ուղղություններով. ժողովրդավարություն և լավ կառավարում, մարդու իրավունքներ, ընտրություններ, քաղաքական բազմազանություն, ազատ մեդիա, կարծիքի և արտահայտվելու ազատություն, կոալիցիաների ազատ ձևավորում, անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար: ԲԿԳ կողմից իրականացված Իրական շահառուների ինստիտուտի ներդրումը բարելավել է նաև կոռուպցիայի ընկալման համաթիվը:

Հեղինակ՝ Էդուարդ Հովհաննիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում