Արցախում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը

ՆՆարեկ Սահակյան

Արցախում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը: Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պատասխանատուների հետ քննարկել են 2020-ի պատերազմի հետևանքների մեղմման ծրագրերը:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Մենք պետք է հնարավորինս շաղկապված աշխատենք, մեր քաղաքականությունների մշակման փուլում պետք է ունենանք միասնական մոտեցումներ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերի մշակման գործընթացներում, կարողանանք համատեղ աշխատել:

Տեղահանված քաղաքացիների մի մասը դեռ աշխատանք չունի՝ ասում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարն ու ավելացնում՝ աջակցությունից անցնում են զբաղվածության ծրագրերին, որտեղ հայաստանյան գործընկերների փորձի կարիքն ունեն:

Արմինե Պետրոսյան (Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար) - Առկա խնդիրներին հնարավոր լուծումներ տալու և, բնականաբար, ծանոթանալու այն նոր ծրագրերին, որոնք այսօր իրականացվում են ՀՀ-ում, որպեսզի կարողանանք մեկտեղել մեր աշխատանքները:

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի և Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ Ստեփանակերտում կայացել է ժողովրդագրության ռազմավարության մշակման ուղղությամբ քննարկում՝ Արցախի կառավարության ընդլայնված կազմի մասնակցությամբ:

Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Բնականաբար ՀՀ մեր գործընկերների հետ կապն անընդհատ պահելու ենք, իրենց փորձառությունը հաշվի ենք առնելու, այդ թվում՝ մեթոդական որոշակի աջակցություն է ցուցաբերելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին ընդունել է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել երկու նախարարությունների համատեղ աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում