Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետության մակարդակով Հայաստանը չի զիջում արևմտյան երկրներին

ՀՀայկ Նավասարդյան

Քաղցկեղը դատավճիռ չէ, եթե այն շուտ է հայտնաբերվում: Ուռուցքաբան Լևոն Բադալյանի գնահատմամբ` վերջին տարիներին մեր երկրում մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել սեփական առողջությանը, զարգացել են հիվանդության ախտորոշման մեթոդները, բայց հիվանդությունը չի նահանջում:

Լևոն Բադալյան («Նաիրի» ԲԿ ուռուցքաբանության ծառայության ղեկավար) - Նվազել է բարձիթողի դեպքերի թիվը: Որոշ ասպարեզներում գրանցվում է բուժման արդյունավետության բարձրացում, բայց, ընդհանուր առմամբ, հիվանդությունը հարաճում է: Տարեկան մոտ 9000 դեպք է հայտնաբերվում, 10 տարի առաջ 7500- 8000-ը չէր գերազանցում:

Հիվանդության տարածման միտում ամբողջ աշխարհում է նկատվում: Ֆրանսիայում, սակայն, նվազել են թոքի քաղցկեղի դեպքերը. ծխելու դեմ պայքարն այդ երկրում ավելի շուտ են սկսել:

Գևորգ Աբգարյան («Նաիրի» ԲԿ Թամարա Կասավի-Աբգարյանի անվան ուռուցքաբանության ծառայության հիմնադիր, ռեանիմատոլոգ) - Թոքերի քաղցկեղի դեպքերը իջնում են, Ֆրանսիայի լավ բանը ի՛նչ է՝ 50 տարեկանից հետո բոլոր բնակիչները պարտավոր են գնալ անալիզներ հանձնել, աղիքի, նույնը կրծքի քաղցկեղի դեպքում: Տեսնում եմ, որ Հայաստանն ավելի առաջ գնացած է:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետության մակարդակով Հայաստանը գրեթե չի զիջում արևմտյան երկրներին, Հայաստանում կան առանձին կենտրոններ, որոնք իրենց սարքավորումներով, մասնագետներով լավագույններից են, սակայն, ընդհանուր առմամբ, ոլորտը դեռ զիջում է Արևմուտքին:

Լևոն Բադալյան - Այսինքն՝ Հայաստանում լավ մասնագետները գտնվում են տարբեր կենտրոններում, կարելի է ասել՝ կղզիներում, և հիմա չկա այն կենտրոնը, որը բոլորին կհամախմբի:

Հիվանդության դեմ պայքարն ավելի արդյունավետ կլինի, եթե Հայաստանում վաճառվեն բոլոր այն դեղերը, որոնք, օրինակ՝ հնարավոր է ձեռք բերել Եվրոպայից: Հաճախ են մարդիկ դրսից դեղեր ձեռք բերելու համար ժամանակ, գումար ծախսում: Քաղցկեղի բուժման մեջ կիրառվող դեղերի մոտ 20 տոկոսը Հայաստանում գրանցված չեն: Այստեղ առողջապահական կառույցի արդյունավետ աշխատանքն է ակնկալում ֆրանսահայ ռեանիմատոլոգը:

Գևորգ Աբգարյան - Ինչու այդ դեղերը գրանցված չեն, օրինակ՝ մորֆին, որն օգտագործվում է ցավերը հանգստացնելու համար, այստեղ չկա գրանցված:

Արտերկիր մեկնել, բուժվել ցանկացողներին էլ բժիշկները հիշեցնում են՝ հայրենիքում էլ կան բարձրակարգ, վերապատրաստված մասնագետներ, որոնք կարող են կյանքեր փրկել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում