Վարչապետի տիկինն այցելել է Գավառի մանկատուն, մի շարք հանդիպումներ ունեցել մարզում

ՄՄուշեղ Իսախանյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը Գեղարքունիքի մարզ սկսվում է Գավառի պետական համալսարանից: Ուսանողների հետ հանդիպումը մոտ մեկ շաբաթ առաջ բացված՝ Արցախյան պատերազմում զոհված հերոսների անվան լսարանում էր: Դասախոսական կազմը զոհված հերոսներին անուն առ անուն է ներկայացնում վարչապետի տիկնոջը: 

Ներկայացումից հետո զրույց է սկսվում ուսանողների հետ: Աննա Հակոբյանը խոսքը սկսում է՝ հիշելով Արցախյան առաջին պատերազմը: Վստահեցնում՝ բոլոր զոհված հերոսների առաջ յուրաքանչյուրի ստանձնած պարտավորություններն ու պարտքի զգացումը պետք է գործով ապացուցել, ոչ թե խոսքով:

Աննա Հակոբյանի խոսքով՝ պատահական չէ, որ այս ամենը կրկնում է, նպատակն այն է, որ յուրաքանչյուրը հասկանա ու հիշի՝ ինչպես պետք է հարգել հերոսների հիշատակը: Ուսանողների հետ հանդիպումից հետո վարչապետի տիկինը ուղևորվում է Գեղարքունիքի մարզային գրադարան՝ ծանոթանալու պայմաններին, լսում գավառցի երեխաների ասմունքը, և քանի որ տարին Չարենցյան է, բնականաբար՝ Չարենցից:

Գրադարանում մոտ 82.000 կտոր գրականություն է պահվում, կա 7 բաժին, 5900 ընթերցող: Հենց գրադարանում էլ Աննա Հակոբյանը ծանոթանում է ամենափոքր ընթերցողի՝ 6-ամյա Սամվելի հետ: 

Սամվելը միանգամից շտապում է դաշնամուրի մոտ: 

Սամվելը նաև նկարում է՝ կտավին ծանոթացել է 4 տարեկանում: 

Հաջորդ կանգառը Գավառի երկրագիտական թանգարանն էր, որը հիմնադրվել է 1952 թվականին, ունի մոտ 9500 ցուցանմուշ՝ հին քարի դարից մինչև նորագույն ժամանակաշրջան:

Գավառում վարչապետի տիկինը այցելեց նաև մանկատուն, շրջեց տարածքում, ծանոթացավ պայմաններին, շփվեց մանկատան սաների հետ, հետևեց փոքրիկ համերգ- ներկայացման, որը պատրաստել էին սաները: Գավառի մանկատանը այս պահին 6-18 տարեկան 55 երեխա է խնամվում:
 
Հաջորդ հասցեն, ուր այցելեց վարչապետի տիկինը, Արծվաքարում էր՝ Միքայելյանների պանրի մառանը: Ընտանեկան բիզնեսը Միքայելյանները սկսել են մեկ ու կես տասնամյակ առաջ՝ սկզբում աղաջրում պանրի ավանդական տեսակներ էին արտադրում, հետո սկսեցին ռեստորանների համար արտադրել՝ յուրացնելով պանրի արտադրությամբ հայտնի տարբեր երկրների փորձը: 

Արծվաքարից Հակոբյանն ուղևորվում է Սևան՝ համայնքի բժշկական կենտրոն: 2018-ին այն արդիականացվել է, վերազինվել ժամանակակից բուժսարքավորումներով: Հիվանդանոցում 7 բաժանմունք է գործում:

Միաժամանակ Աննա Հակոբյանը այցելում է Սևանի Ջինիշյանի վերականգնողական կենտրոն, որը այս տարվանից գործում է Սևանի ԲԿ ֆինանսավորմամբ: Այստեղ 120 մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց հետ են աշխատում մասնագետները: Կենտրոնը նախորդ տարի է կառուցվել:

Թեյի սեղանի շուրջ Սևանի «Բոհեմ» արվեստանոցում Աննա Հակոբյանը հանդիպեց Լճաշենի երիտասարդներին: Զրույցի թեման արվեստն էր, մշակույթը, մարզի երիտասարդությանը հետաքրքրող ոլորտները: Մարզում վերջին հասցեն Լճաշենն էր: Կանգառը՝ Ուրարտուի արքա Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրության մոտ:

Մարզային այցը Աննա Հակոբյանն ավարտում է Էթիունի հյուրատանը, որը հաջողած գաստրոբիզնեսի տիպիկ օրինակ է: Այստեղ ծանոթացնում են նախաուրարտական մշակութային արժեքներին, ներկայացնում Էթիունի թագավորության պատմությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում