Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակի բարելավման ծրագիր կիրականացվի

ԼԼիլիթ Ասատրյան

Մոտ 550 հա տարածք ընդգրկող Հրազդանի կիրճը Երևանի կարևոր բնական ռեսուրսներից է: Մեծ մասն այսօր անբարեկարգ և լքված վիճակում է, իսկ որոշ հատվածներ սեփականաշնորհված են: 90-ականներից սկսված անկանոն կառուցապատումը փոխել է հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները:

Այս ու այսպիսի այլ խնդիրների լուծում տալու համար քաղաքային իշխանությունը նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակի բարելավման ծրագիր: Նախատեսվում է կիրճին հատուկ կարգավիճակ տալ:

Գևորգ Նազարյան (Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ) - Կլինեն տարածքներ, որտեղ շինթույլտվություն չի տրամադրվի, կլինեն տարածքներ, որտեղ կվերանայվեն թույլատրված շինթույլտվությունները, կլինեն պահանջներ, որ, օրինակ, կառուցապատումը հունի հոսքին չխանգարի, ծառեր չհատվեն:

Գոտիավորում հստակ չկա, և նաև սահմանները հստակ չափագրված չեն, գոտիավորման դեպքում հնարավոր է նախատեսել հանգստի գոտիներ, արտադրական մասեր, գետի վրա կան ՀԷԿ-եր, նաև արգելավայրեր, որտեղ բնությունը պետք է պահպանվի հատուկ ռեժիմով:

Երևանի համար բուֆերային գոտի համարվող Հրազդանի կիրճում ծառահատումներ շատ չեն եղել, բայց բնությունը խնամված չէ: Ու շատ է աղբը՝ դա էկոլոգիական աղետ է:

Գայանե Ներսիսյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ) - Նույնիսկ կարմիրգրքյան տեսակներ կան, որոնք արդեն իսկ չկան: Կան նաև կենդանական աշխարհի կարմիրգրքյան ներկայացուցիչներ, որ հիմա էլ առկա են

Շեշտում է` այսօր ամեն մի ծառ ու ամեն մի կանաչ գոտի անփոխարինելի արժեք է:

Գայանե Ներսիսյան - Երևանը, լինելով կիսաանապատային գոտում, հարուստ բուսականություն չի ունեցել: 30-ականներից սկսվել են կանաչապատման ծրագրեր, ու շատ մեծ թվով կանաչապատում սկսվեց, 50-ականներին արդեն բավական կանաչ քաղաք էր, սակայն 90-ականներին մեծաքանակ հատումներ եղան, հատկապես բուֆերային գոտիներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչով` ամեն մի բնակչի բաժին ընկնող կանաչ տարածքի նվազագույն շեմը 9 մետր քառակուսին է, Երևանի դեպքում, հաշվի առնելով բնակչության խտությունը՝ 15-ը, մինչդեռ այսօր 8 մետր քառակուսի է: Ոչ միայն ծառեր տնկելը, այլև եղած տարաքծները մաքրելն է առաջնային: Երևանյան լճի տարածքում աշխատանքները սկսված են:

Գևորգ Նազարյան - Առաջին խնդիրը, որ դրված է, աղտոտվածության խնդիրն է, տարեկան կես միլիոն խորանարդ մետր կեղտաջուր է լցվում գետը:

Ծրագրվում է Գետառ և Հրազդան գետերի միացման հատվածում կեղտաջրերի մաքրման փոքր կայան կառուցել:

Գևորգ Նազարյան - Խնդիր է դրված, որ ունենանք նաև մարզական միջոցառումների հատված, մշտական փակվածության մասին խոսք չկա, բայց շաբաթ-կիրակի կարող են փակվել այդ հատվածները` Ֆլորենց ռեստորանից վերև, որը գնում է մինչև Դավթաշենի կամուրջ, որ հեծանիվ քշեն և այլն:

Հրազդանի կիրճը ոչ միայն հանգստի գոտի, այլև զբոսաշրջային կենտրոն կարող է լինել, այստեղ բացահայտելու, տեսնելու, զարմանալու շատ բան կա: Օրինակ` Երևանի պատմության թանգարանում պահպանվում է 70 հազար տարեկան գանգ, որը գտնվել է Հրազդանի կիրճի պալեոլիթյան քարանձավից:

Գևորգ Նազարյան - Մենք գտնվում ենք Հրազդան կիրճի մի հատվածում, Կարմիր կամուրջի հատվածն է, գեղատեսիլ վայր է, սակայն տարածքը որևէ բարեկարգման չի ենթարկվել, որևէ ծրագրեր չեն իրականացվել, դարձել է աղբավայր, սա ևս բարեկարգման և զբոսաշրջության լավ գոտի դառնալու կարիք ունի:

Կարմիր կամուրջը մայրաքաղաքի հնագույն կամուրջներից է՝ վերակառուցվել է 1679 թվականին։ Սա օրինակներից մեկն է, որ կարող է գրավել զբոսաշրջիկներին, եթե, իհարկե, տարածքը լինի բարեկարգ ու առանց աղբի: Քաղաքապետարանից նշում են՝ այս պահին Շրջակա միջավայրի նախարարության հետ ակտիվ աշխատում են նախ կիրճին հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ:

Իսկ մշակութային արժեք ունեցող հուշարձանների տարածքում, առհասարակ՝ կիրճում սնկի պես աճած շինություններից քանիսն են օրինական` կպարզեն քարտեզագրման ընթացքում:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում