Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնում է մեր անվտանգությանը. Պեսկով

ԴԴիանա Գասպարյան

ԲՈԼՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՌԴ-ՆԱՏՕ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԻՑ. ՊԵՍԿՈՎ

ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցություններին, նշել՝ հպարտանալու առիթ և հստակ զարգացումներ չկան։ Կրեմլի խոսնակը գնահատել է նաև Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում էսկալացիայի հնարավորությունը։

«Բոլոր կողմերը ցանկանում են խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատումից։ Դրա մասին բազմիցս հայտարարել են Մոսկվայում, Վաշինգտոնում և Բրյուսելում»,- նշել է Պեսկովը։

Նրա խոսքով, սակայն, ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայում անվտանգությանը։
«Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնում է մեր երկրի անվտանգությանը։ Մոսկվայի արձագանքը կախված կլինի Ռուսաստանի սահմանների մոտ դաշինքի ռազմական ենթակառուցվածքի առաջխաղացման աստիճանից»,- պարզաբանել է ՌԴ նախագահի խոսնակը։

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից էլ հայտնել են, որ Հելսինկիի որոշման ֆոնին Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ռազմատեխնիկական։


ՆԱՏՕ-Ն ՄԵԾ ՍԻՐՈՎ ԿԸՆԴՈՒՆԻ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ

ՆԱՏՕ-ն մեծ սիրով կընդունի Ֆինլանդիային, եթե վերջինս որոշի անդամակցել դաշինքինч հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ անդամակցության գործընթացը կկազմակերպվի հնարավորինս արագ։

«Հելսինկին ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է և կարևոր ներդրում ունի եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում»,- պարզաբանել է Ստոլտենբերգը։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահը և վարչապետը հայտարարել էին, որ երկիրը պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել:


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԿԲՌՆԱԳՐԱՎՎԵՆ

Գերագույն Ռադան հավանություն է տվել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի տարածքում ռուսական ակտիվների բռնագրավման մասին հրամանագրին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 334 պատգամավոր։

Օրենքի նախագծում նշվում է, որ Ուկրաինայի նախագահը հաստատել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ռուսական Խնայբանկի և VEB.RF զարգացման կորպորացիայի դուստր ձեռնարկությունների ազգայնացման մասին։

ԲԵՌԼԻՆԸ ԿԻԵՎԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ. ԿՈՒԼԵԲԱ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Կիևին զենքի մատակարարման հարցում Գերմանիայի դիրքորոշումը փոխվել է հօգուտ Ուկրաինայի։ Նման կարծիք է հայտնել երկրի ԱԳ նախարարը։

«Մենք տեսնում ենք, որ Բեռլինն Ուկրաինայի հարցում առաջատար դիրք է զբաղեցնում»,- նշել է Դմիտրո Կուլեբան։

Նա հայտնել է նաև, որ Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը մեկնարկում է այսօր Գերմանիայում, բարձրաձայնելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության հարցը։

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՆՈՐ ԶԵՆՔ ՍՏԱՆԱԼ ԱՄՆ-ԻՑ. WSJ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին, խնդրել հավանություն տալ Թուրքիային արդիականացված սպառազինություն և F-16 կործանիչների համար տեխնիկական այլ սարքավորումներ վաճառելու նախաձեռնությանը։

Ըստ The Wall Street Journal պարբերականի՝ սա վկայում է այն մասին, որ Անկարան հույս ունի օգտագործել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում իր միջնորդական դերը և Կիևին աջակցությունը՝ վերականգնելու Վաշինգտոնի հետ հարաբերությունները և նոր զենք ստանալ ԱՄՆ-ից։

Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանրապետական կոմիտեի անդամ Ջիմ Ռիշչը նշել է՝ դեմ չէ, որ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցը, Վաշինգտոնից F-16 կործանիչներ գնի: Նա, սակայն, ընդգծել է՝ այդ հարցում դեռ զգալի աշխատանքներ պետք է արվեն։

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐ ԿԱՐՏԱԴՐՎԵՆ

Ղազախստանում թուրքական ANKA հետախուզական-հարվածային անօդաչուներ կարտադրվեն. Անկարայում համապատասխան հուշագիր են կնքել Kazakhstan Engineering-ը և Turkish Aerospace-ը՝ հայտնում են Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Kazakhstan Engineering-ի դուստր ընկերությունը կկազմակերպի հարվածային անօդաչու թռչող սարքերի հավաքման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ: Ղազախստանն առաջին երկիրն է, որտեղ կսկսվի ANKA անօդաչուների արտադրություն:

ԿՈՍՈՎՈՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Չճանաչված Կոսովոն Եվրոպայի խորհրդին անդամակցելու հայտ է ներկայացրել՝ խախտելով Վաշինգտոնի համաձայնագրերը՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

«Բրյուսելյան համաձայնագրերի խախտումից հետո Պրիշտինան խախտել է նաև վաշինգտոնյան պայմանավորվածությունները»,- հայտարարել է Վուչիչը։

Նրա խոսքով՝ Արևմուտքն անում է ամեն ինչ, որ Բելգրադը ճանաչի Կոսովոյի անկախությունը, իսկ Սերբիայի խնդիրն իր հողը պաշտպանելն է:

Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և հակառուսական պատժամիջոցներին՝ Վուչիչը նաև նշել է, որ Սերբիան Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին է, սակայն ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում