ՎՎահե Դավթյան

Ճապոնիան 900 հազար դոլարի ներդրում է կատարելու Հայաստանի կլիմայական ազգային խոստումների իրականացումն առաջ մղելու համար

Ճապոնիան 900 հազար դոլարի ներդրում է կատարելու Հայաստանի կլիմայական ազգային խոստումների իրականացումն առաջ մղելու համար

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այսօր մեկնարկել են նոր գործընկերություն՝ վերահաստատելով իրենց հանձնառությունն աջակցելու Հայաստանին հասնելու Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին։

 

Ճապոնիայի կառավարությունը 900.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով երկրի կլիմայական ազգային խոստումների իրականացումն առաջ մղելու համար։
 

ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ իրականացվող և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» նոր ծրագիրը կուժեղացնի երկրի կլիմայական դիմակայունությունը և կօգնի մեծացնելու հարմարվողականության միջոցառումները՝ թիրախավորելով նաև կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, խոցելի խավերին և ֆերմերներին։

 

 

«Հիդրոօդերևութաբանական երևույթների աճող հաճախականությունն ու ինտենսիվությունը հսկայական կորուստներ և վնասներ են հասցնում հատկապես գյուղատնտեսությանը և ենթակառուցվածքներին։ Այս առումով մենք վստահ ենք, որ ծրագրի շրջանակներում կատարելագործվող տեխնոլոգիական և մասնագիտական կարողություններն էապես կնպաստեն այս մարտահրավերների հաղթահարմանը»,- բացման իր խոսքում նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը։

 

Խոսելով այս նոր գործընկերության ռազմավարական նպատակների մասին՝ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման հույս է հայտնել, որ այս օժանդակությունը ժամանակին և տեղին կլինի՝ նվազեցնելու կլիմայի փոփոխության ռիսկերը և հասնելու արտանետումների կրճատմանը, որը նախատեսվում է զգալիորեն նվազեցնել մինչև 2030 թվականը։

 

«Նոր նախաձեռնությունը հիմնված է ՄԱԶԾ-ի, կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ կլիմայի, շրջակա միջավայրի և աղետների ռիսկի նվազեցման ոլորտներում սերտ և հաջողված համագործակցության և բարձր արդյունքների վրա՝ նպաստելով ազգային առաջնահերթությունների իրականացմանը Փարիզյան համաձայնագրով երկրի պարտավորություններին համահունչ»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

 

Ծրագրի մեկնարկային աշխատաժողովի ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են ծրագրային փաստաթուղթը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում