Չեչիլ պանիրը գրանցվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

ՀՀայկ Նավասարդյան

Շիրակի Մայիսյան համայնքի բնակիչը թաղամասում եզակիներից է, որ անասուն է պահում, ավանդական չեչիլ պանիր պատրաստում: Հեշտ գործ չէ, ասում է` նրբություններ կան, որ քչերը գիտեն, ինքը ծնողներից է սովորել:

Որ ավանդական հայկական պանրի պատրաստումը սերնդից սերունդ անցնի, Շիրակի Անի համայնքը դիմել է ԿԳՄՍ նախարարին կից մասնագիտական խորհրդին: Չեչիլ պանիրը գրանցվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկում:

Կարինե Բազեյան (ազգագրագետ) - Ալաշկերտ,Բագրևանդ, Բասեն, Կարս, այստեղից է եկել ավանդույթը Շիրակ և դրա համար այստեղ ավելի ցայտուն դրսևորում ունի, մշակութային առումով էլ չեչիլ պանիրը որպես կերակրատեսակ հայտնի է շատ, տեսեք` պանրխաշ կերակուր կա, որ միայն Շիրակին է բնորոշ: Հատկապես հարգի է կանաչած տեսակը, այսպես ասած «ռոքֆոր»-ը:

Չեչիլ կամ թել, հյուսակ պանիրը Շիրակում հին ժամանակներից է պատրաստվում, գրավոր տեղեկություններն են վկայում: Պանրի պատրաստման ավանդական տեխնոլոգիան դարերի ընթացքում նույնությամբ պահպանվել է, միայն որոշակի տեխնիկական բաղադրիչներ են ավելացել

Կարինե Բազեյան - Առաջ եթե կավի ամանի մեջ էին անում, հիմա կարող է այլ տարա օգտագործեն կամ տենիկայով հյուսեն, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանում մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է. չեչիլ պանրից բացի, այս տարի կառավարության որոշմամբ ևս հինգ արժեքներով համալրվել է կենսունակ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը:

Նաիրա Կիլիչյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ) - Դրանք վեցն են, այդ թվում` չեչիլը, Տավուշից երկու ոչ նյութական մշակութային արժեքներ, վայրի բույսերի հավաքչությունը և կենդանիներին սար տանելու ավանդույթը, Քյավառի փախլավան, Սյունիքից ճխթթուն և նաև ասեղնագործությունը գրանցվեցին:

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցուցակում այս պահին 45 կենսունակ և 20 անհապաղ պաշտպանության արժեքներ կան: Իսկ ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանը ոչ նյութական մշակութային ժառանգության յոթ արժեք ունի գրանցած:

Նաիրա Կիլիչյան - Դուդուկն ու իր երաժշտությունը, խաչքարը, Սասունցի Դավիթ Էպոսը, լավաշը, Քոչարին, հայկական տառարվեստը. Հայաստանից գրանցված վերջին հայտը հարևան Իրանի հետ 2020-ին ներկայացված Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում