ԳԳոհար Սարգսյան

Խաղամոլության դեմ պայքարը շարունակական է լինելու. Գևորգ Պապոյան

Խաղամոլության դեմ պայքարը շարունակական է լինելու. Գևորգ Պապոյան

Մեր երկրում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը, և անկանխիկ գործառնություններն անխափան, պարզ և արագ կատարելու համար պետությունն իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային և կրթական գործողություններ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխություններով առաջարկում են ընդլայնել խաղային բիզնեսի ոլորտում անկանխիկ վճարումների շրջանակը` տվյալ ոլորտի գործունեության ֆինանսական թափանցիկության բարձրացման և արդյունավետ վերահսկողության ապահովման նպատակով:

Օրենքն ուժի մեջ մտնելով` կարգելվի տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո նախատեսվում է դա իրականացնել բացառապես բանկային հաշիվների միջոցով: Նման պահանջ է սահմանվում նաև շահումների տրամադրման վերաբերյալ:

Հիմնական զեկուցող, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական և տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Գործադիրի առաջարկով օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Գևորգ Պապոյանը նաև նշել է, որ առաջարկվող փոփոխությունները բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական և Կառավարության ծրագրերից:

«Մեզ համար առաջնահերթ է մեր հանրության շահը, որի պաշտպանությանն է ուղղված օրենսդրական փաթեթը»,- ասել է հանձնաժողովի նախագահը և հավելել, որ Հայաստանում խաղալը պետք է դառնա դժվար, ոչ գրավիչ:

Նա տեղեկացրել է, որ իրականացնում են ոլորտի վերաբերյալ նաև միջազգային փորձի ուսումնասիրություններ` հնարավոր այլ լուծումներ գտնելու ուղղությամբ:  «Պայքարը խաղամոլության դեմ շարունակական է լինելու»,- շեշտադրել է Գևորգ Պապոյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ Կառավարությունը դրական դիրքորոշում է ներկայացրել նախագծերի փաթեթի վերաբերյալ: Գործադիրը բովանդակային փոփոխություն չի առաջարկել:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովականները քննարկել և դրական եզրակացություն են տվել նաև ֆինանսավարկային և բյուջետային ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ որոշման նախագծին:

Քննարկման առարկան ՀՀ հաշվեքննիչ պալատի` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունն է:

Նախագծերի փաթեթն ու հանձնաժողովի որոշման նախագիծը քննարկվել են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 6-ի արտահերթ նիստում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում