Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը դատարանը չքննեց

ՎՎահե Դավթյան

Քրեական հետապնդումը դադարեցնելու, դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն: 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով ապացույցները հետազոտելու փոխարեն այսօր էլ այս միջնորդությունները ներկայացվեցին: Կողմնակալ, կանխակալ և արհամարհական վերաբերմունք. սա էր դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկը, որը ներկայացրեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Հովհաննես Խուդոյան (Ռոբերտ Քոչարյանի պաշտպան) - Սույն պրոցեսում դատարանը չի հետապնդում արդարադատություն իրականացնելու իրական նպատակ, հետաքրքրված չէ ճշմարտությունը բացահայտելու հարցում, այլ միայն ապահովում է ձևական դատաընթացք, որը թողնում է հաշվետվողականություն ապահովելու տպավորություն:

Պաշտպանի այս միջնորդությունը դատարանը, սակայն, թողեց առանց քննության, քանի որ 2021-ի հոկտեմբերին Խուդոյանն արդեն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Խուդոյանի մյուս միջնորդությունը Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն էր վերաբերում.

«Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում «մեղադրանք» քրեադատավարական եզրույթին։ Քրեական հետապնդման` այդպիսի մեղադրանքի հիման վրա շարունակվելը կբերի պարոն Քոչարյանի՝ անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության իրավունքի խախտման»:

Ըստ պաշտպանի՝ այս մեղադրանքը պարզաբանման կարիք չէր ունենա, եթե այն առաջադրված լիներ գործարար Սիլվա Համբարձումյանին: Խուդոյանն անդրադարձավ մեղադրանքի ձևակերպմանը, հայտարարեց՝ գործում նշված է` գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառք է տվել Քոչարյանին, սակայն չկա օբյեկտիվ ձևակերպում, թե այդ գումարը ստացվել է:

Հասկանալի չէ` ինչ գործողություն է կատարել Քոչարյանը, որը հանցակազմ է պարունակում,- պնդեց պաշտպանը.

«Խնդրում եմ պարոն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, արձանագրեց, որ միջնորդությունում բարձրացված հարցերն այս փուլում չեն կարող քննության առարկա դառնալ, քանի որ այն ներկայացվել է ոչ ժամանակին: Պաշտպանական կողմը, սակայն, առարկեց դատարանի գործողությունների դեմ` կրկին պնդելով՝ չկան նկարագրված գործողություններ, որոնք անհրաժեշտ են պատասխանատվության ենթարկելու համար:

Դատավորն էլ արձագանքեց՝ չի կարող բացատրել և մեկնաբանել մեղադրանքը:

Մեղադրող դատախազն էլ նշեց՝ պաշտպանական կողմն այս միջնորդություններով ձգձգում է նիստերը: Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ «մեղադրանքը պարզ չէ» արտահայտությունը կարող է արվել նաև այն ժամանակ, երբ մեղադրանքը միշտ պարզ է:

Գևորգ Բաղդասարյան (մեղադրող դատախազ) - Ես կարծում եմ, որ մեղադրանքը պարզ է, որովհետև կաշառք տալու հանցակազմը, որը 311-րդ հոդվածում ձևակերպված է և ձևակերպված եղել է արարքը կատարելու ժամանակ, շատ հստակ փաստերով արտահայտված է մեղադրանքում:

Դատական նիստի ընթացքում Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց հետաձգել նիստը, քանի որ մեկ այլ դատական նիստ ուներ, և իր պաշտպանյալի ազատության հարցն էր քննարկվելու։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջում հայտարարեց, որ ճշտի տեղեկությունը, իսկ այդ ընթացքում Սահակյանը լքեց նիստերի դահլիճը։ Քանի որ պաշտպանը արդեն հեռացել էր` առանց դատարանին տեղեկացնելու, հաջորդ նիստին պետք է դատարանին բացատրի իր քայլը:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում