Հայաստանում կստեղծվի մասնավոր անասնաբույժի ինստիտուտ, խոշոր եղջերավորները կհամարակալվեն

ՎՎահե Կոստանդյան

Աշխատավարձ՝ առանց աշխատելու: Խորհրդային տարիների անասնաբույժի աշխատաոճը այսպես է բնութագրում Սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավարը: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ պատվաստանյութը թափել ու փաստաթղթերում աշխատանքը ներկայացրել են կատարված:

Գեորգի Ավետիսյան (ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար- Պատվաստանյութը պարզապես չեն ներարկել, թափել են, մի հատ գառ են մորթել, այդ ամբողջ արյունը բերել են, հետազոտել` մի քանի գյուղի կամ մի կոլխոզի կենդանիների փոխարեն: Կան մարդիկ, որ էդ դաստիարակության մակարդակի են մնացել:

Արատավոր երևույթներ հիմա էլ նկատվում են՝ ասում է տեսչական մարմնի ղեկավարը: Անասնաբույժների թիվը ևս կրճատվել է: Մասնագիտության վարկանիշը բարձրացնելու և անվտանգ մսամթերք ունենալու համար հիմա կառավարությունը լուրջ ծրագրեր է իրականացնում:

Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ «Անասնաբուժության մասին» նոր օրենքի նախագիծ է շրջանառվում, որի ընդունումից հետո կստեղծվի մասնավոր անասնաբույժի ինստիտուտը: Անասնաբույժ համարվելու համար պարտադիր կլինի ոչ միայն դիպլոմը, նաև մասնագիտական հանձնաժողովի հավաստագիրը:

Կառավարության որոշմամբ` այս տարի առաջին անգամ՝ ապրիլ ամսվա վերջին ուրբաթ օրը, անասնաբույժները նշում են մասնագիտական տոնը:

Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ- Մենք պետք է փոխենք անասնաբուժության վարման կարգը: Օրինակ՝ զարգացած եվրոպական երկրներում մասնավոր անասնաբույժներ են, և իրենք սպասարկում են տնտեսությունները ամբողջ օրվա ընթացքում և կանչերով: Իրենց անասնաբուժության վարումը կանխարգելիչ անասնաբուժություն է, ոչ թե կենդանիները հիվանդանան՝ նոր բուժեն:

Առաջիկայում կմեկնարկի նաև խոշոր եղջերավորների համարակալումը: Հայաստանում մոտ 600 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներին կհամարակալեն ու կհաշվառեն 350 համարակալողները: Սա կնպաստի, որ առանց կենդանու առողջության պատմության՝ շուկայում միս չվաճառվի: Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած համարակալողների վերապատրաստման դասընթացներն ավարտվում են:

Գառնիկ Հովհաննիսյան («Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն- Գրեթե 90 տոկոսն արդեն ավարտել ենք, մոտ տասը օրից ամբողջական ավարտած կլինենք և պատրաստ ենք մեկնարկելու կենդանիների համարակալումը:

Համարակալումն ու հաշվառումը այն գործընթացն են, որի վերջնական արդյունքում հնարավոր է լինելու պարզել, թե որ կենդանու միսն է անվտանգ ու ենթակա վաճառքի: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում