Գիտության զարգացման համար աշխատավարձի բարձրացումը բավարար չէ. ԳԱԱ տարեկան ժողովում ամփոփել են 2021-ը

ԼԼևոն Սարդարյան

2021 թվականը Գիտությունների ազգային ակադեմիայի համար էական փոփոխությունների տարի էր: 15 տարվա ընթացքում առաջին անգամ ակադեմիայում նոր նախագահ է ընտրվել. Ռադիկ Մարտիրոսյանին փոխարինել է Աշոտ Սաղյանը: Կատարվել է նախագահության կառուցվածքի օպտիմալացում, ստեղծվել են նոր ստորաբաժանումներ:


Ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփվեցին նախորդ տարվա գիտական գործունեության հիմնական արդյունքները, անդրադարձ եղավ ուժեղ ու թույլ կողմերին, նաև՝ սկսված կամ նախատեսվող ծրագրերին:

Աշոտ Սաղյան (ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ) - Բազային ֆինանսավորման ծրագրեր՝ 44, նպատակային ֆինանսավորման ծրագրեր՝ 5, Գիտության կոմիտեի դրամաշնորհային թեմատիկ ծրագրեր՝ 313, տնտեսական պայմանագրային ծրագրեր՝ 186: Այսինքն՝ հաշվետու տարում 2019 թվականի համեմատ գրեթե 2.3 անգամ աճել է թեմատիկ ֆինանսավորման ծրագրերի քանակը, և մոտ 1.5 անգամ նվազել է տնտեսական պայմանագրային ծրագրերի քանակը:

Զգալի բարձրացվել է գիտաշխատողների աշխատավարձը: Սա քանիցս գոհունակությամբ ընդգծվեց տարբեր զեկույցներում: Բայց միևնույն ժամանակ նշվեց՝ գիտության զարգացման համար աշխատավարձի բարձրացումը բավարար չէ:

Արամ Պապոյան (ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ)Արդյունավետ գիտական աշխատանք չի կարող կատարվել առանց այլ ծախսերի, սարքավորումների, նյութերի, ենթակառուցվածքի, կոմունալ վճարումների: Այդ ծախսերի մասով 2022 թվականի բազային ֆինանսավորման ծավալը մնացել է անփոփոխ:

Ընդգծվեց կադրերի որակավորման անհրաժեշտությունը: Նշվեց, որ նոր կարգ է մշակվել: Ակադեմիայի նախագահ Սաղյանը համակարգի թույլ կողմերից է համարում գիտության կիրառականությունը: Ասաց՝ ստեղծվել է առանձին ստորաբաժանում՝ այդ կիրառականությունը ապահովելու նպատակով: Գիտական արդյունքի միջազգայնացումը նույնպես կարևորվեց:

Արթուր Իշխանյան (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, թղթակից անդամ) - Առանձնապես դա վերաբերում է հումանիտար և հասարակագիտական մտքի միջազգայնացմանը: Մենք պետք է լուրջ քայլեր անենք ամսագրերում օտարալեզու բովանդակություն աճեցնելու համար:

Գիտական կադրերի երիտասարդացումը շարունակում է չլուծված խնդիր մնալ, թեև այդ ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժ, ինչպես նշվեց, կա: Անցած տարի աշխատանքի է ընդունվել 108 երիտասարդ մասնագետ: Գիտական կադրերի խիստ պակաս կա 45-60 տարեկանների միջակայքում:

Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Պետությունը պատրաստ է ֆինանսավորելու ցանկացած գիտական նախաձեռնություն, միտք, որը իսկապես հնարավորություն է տալու նոր արժեք ստեղծելու: Եթե ձեր կողմից կա նախաձեռնություն, ձեր կողմից կա միտք, որը իսկապես արժանի է գիտական համարվելուն, այդ ֆինանսավորման հարցը լուծվում է: Այսինքն՝ մենք սահմանափակում չենք դնում, որ գումար չունենք, խնդրում եմ` սա ընդունեք ի գիտություն, և առաջիկա 5 տարիների համար Կառավարության 2021-26 թվականների ծրագրում դա նշված է:

Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի պատվավոր հյուրն էր ռուսաստանաբնակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, որի հետազոտությունների արդյունքում Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրվել է նոր՝ 118-րդ տարրով: Դա նրա պատվին էլ կոչվում է օգանեսոն:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում