ԳԳոհար Սարգսյան

31-ամյա տղամարդը թրաֆիքինգի է ենթարկել կնոջը. ՔԿ

31-ամյա տղամարդը թրաֆիքինգի է ենթարկել կնոջը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից կնոջը թրաֆիքինգի ենթարկելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ծեծի, ինչպես նաև՝  քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 31-ամյա տղամարդը Երևան քաղաքի 20-ամյա բնակչուհուն սեռական շահագործման մեջ դնելու, պահելու և ենթարկելու նախնական դիտավորությամբ, 2020 թվականին փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ  մտնելով  նրա հետ, վերջինիս  ներգրավել  է պոռնկության մեջ: Որոշ ժամանակ անց կինը հրաժարվել է զբաղվել պոռնկությամբ, սակայն տղամարդը բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ, հարկադրել է նրան և ստացված ամբողջ հասույթը անձամբ տնօրինել:

Բացի այդ, 31-ամյա տղամարդը, չհանդիսանալով 20-ամյա կնոջ` 2018 թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը, համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժնում ներկայացրել է ակնհայտ սուտ տեղեկություն՝ երեխայի հայրը հանդիսանալու վերաբերյալ և ստացել հայրության ճանաչման պետական վկայական:

Քննությամբ պարզվել է նաև, որ տղամարդը 2021 թ. ապրիլի 13-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 20-ամյա կնոջ մոր հետ, որի ընթացքում ծեծել վերջինիս՝ պատճառել մարմնական վնասվածք:

Միաժամանակ պարզվել է, որ 2021 թ. հունիսին հիշյալ տղամարդը Երևան քաղաքում մի շարք անձանց նպաստել է զբաղվել պոռնկությամբ, ինչի դիմաց նրանցից ամենօրյա ռեժիմով պահանջել և ստացել է գումարներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասով, 169 1-րդ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը), 118-րդ (Ծեծը) հոդվածներով, 262-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում