2 մլրդ 230 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է Վլադիմիր Գասպարյանի գործով նախաքննությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Ավելի քան 2 մլրդ, ու մոտ 230 մլն դրամի փողերի լվացում՝ Սա Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի մեղադրանքի մի մասն է: Քննչական խումբը որոշել է նրանց վերաբերյալ գործը մեկ վարույթում քննել. Նախաքննությունն ավարտվել է:

Խորեն Մեջլումյան (Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար) - Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 1997-2010 թվականներին զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, հիշյալ ծառայությունում պաշտոնի նշանակված կնոջ կողմից ծառայության չներկայանալու և իր պարտականությունները չկատարելու պայմաններում կազմակերպել է պետական միջոցներից վերջինիս աշխատավարձի և դրանց հավասարեցված այլ միջոցների վճարումը, ինչի արդյունքում պետական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափի գումար:

2011-2018 թվականներին էլ, երբ Գասպարյանը ոստիկանապետ է եղել, կինն ու դուստրը պաշտոններ են զբաղեցրել ոստիկանությունում: Չնայած տարիներ շարունակ ծառայության չեն ներկայացել, բայց նրանց վճարվել է ավելի քան 45 մլն դրամ աշխատավարձ՝ հավելում է քննիչը: Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվող մյուս մեղադրանքն էլ առնչվում է փողերի լվացմանը:

Խորեն Մեջլումյան - Հիմնավորվել է, որ 1995-2018 թվականների ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների օրինական եկամուտները կազմել են շուրջ 360 միլիոն դրամ, մինչդեռ 2005-ից հետո ընկած ժամանակահատվածում նրանց ընդհանուր ծախսերը շեշտակիորեն մի քանի անգամ գերազանցել են իրենց օրինական եկամուտները` կազմելով շուրջ 2.6 միլիարդ դրամ:

Ըստ մեղադրանքի՝ նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք. միայն Գեղարքունիքի մարզում, իսկ Երևանում գտնվող իր առանձնատների նորոգման համար ծախսել շուրջ 700 մլն դրամ:

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև նրա թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի կողմից կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Հակոբյանը, ըստ մեղադրանքի, հանցավոր ճանապարհով ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, որ շեշտակիորեն գերազանցել է նրա ունեցած օրինական եկամուտները:

Լեռնիկ Ստեփանյան (Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար) - Ստացված գումարներով Արշակ Հակոբյանը ձեռք է բերել շարժական և անշարժ գույքեր, որոնք գրանցել է իր հետ փոխկապակցված անձանց անուններով` այդպիսով թաքցնելով գումարների իրական բնույթը և հանցավոր ծագումը:

Պարզվել է, որ 2011-2013 թվականների ընթացքում Հակոբյանը ձեռք է բերել 75 միլիոն դրամի անշարժ գույք Աբովյանում: 2012 թվականին 120 միլիոն դրամով անշարժ գույք է ձեռք բերել Երևանի Ամիրյան, իսկ 2013 թ.՝ 204 միլիոն դրամով Հանրապետության փողոցներում:

Լեռնիկ Ստեփանյան - Բացի այդ, պարզվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017 թվականին շուրջ 47 մլն դրամին համարժեք 100 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա է ձեռք բերել Mersedes-Benz GLS մակնիշի, սակայն հիշյալ գործարքը գրանցվել է որպես նվիրատվություն:

Արշակ Հակոբյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, հայտարարագրերում թաքցրել է առանձնապես խոշոր չափերի գույքը:

Լեռնիկ Ստեփանյան - Բացի այդ, ապացույցներ են ձեռք բերվել նաև առ այն, որ Արշակ Հակոբյանը 2013-14 թվականների ընթացքում օրինականացրել է նաև ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Մասնավորապես, Գասպարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից խուսափելու համար Արշակ Հակոբյանին հանձնարարել է «Ավանգարդ մոթորս» ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել իր անվամբ՝ դրանց ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար:

Գասպարյանն ու Հակոբյանը մեղադրվում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար, որոնց դեպքում օրենքը նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում: Մեղադրանքի վերաբերյալ երկուսի պաշտպաններն էլ հրաժարվում են մեկնաբանություն տալ:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում