Մաքսավոր դառնալու թեժ պայքար. վերջին քննությունը՝ դասընթացից առաջ

ՀՀերմինե Բաղդասարյան

Կենտրոնացած, աշխատանքային նոր կարիերա սկսելու մտադրությամբ․․․ ՊԵԿ-ի միջանցքում սպասողները եկել են վերջին քննության։ Բոլորը լարված են, քանի որ հարցազրույցը կոմիտեի ղեկավարի ու տեղակալների հետ է։ Դահլիճից դուրս եկողները խուսափում են խոսել։

Մաքսավոր դառնալու դասընթացին մասնակցելու համար դիմում ներկայացրած մոտ 2000 թեկնածուից 700-ից քիչ ավելին են հասել վճռական հարցազրույցին․ ցուցակները մաղվել են՝ մաքսային օրենսդրությունից թեստ հանձնելու, օտար լեզվի և համակարգչային գիտելիքների ստուգման, նաև բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու նախորդ փուլերում՝ պարզաբանում է ուսումնական գործընթացի պատասխանատուն։

Գոռ Վարդանյան (ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի ուսումնական մասի պետ) - Մասնագիտական գիտելիքներից ավելի քիչ են կտրվել, օտար լեզվից ու համակարգչից ավելի շատ են կտրվել, մենք զարմացանք նաև, որ 100 հոգի դիմել էին, ամբողջ փաստաթղթերը ներկայացրել, բայց ոչ մի փուլի չեն մասնակցել ու դուրս են մնացել մրցույթից:

Թեժ պայքարի մեջ մնացածների շարքում կան և՛ ՊԵԿ աշխատողներ, և՛ այլ՝ բանկային ու սպասարկման ոլորտներից դիմած անձինք;

Ռոզա Համազարյան (դիմորդ) - Շատ գոհ եմ իմ աշխատանքից, բայց եթե լինի սա՝ դժգոհ չեմ լինի, կտեղափոխվեմ, ուզում եմ ոլորտս փոխել:

Տիգրան Բակլաչյան (դիմորդ) - Հենց կրթությունս էլ մաքսային ոլորտում է, ուստի հնարավորութւոն տվեց դիմել ու փորձել իմ հաջողությունն ու կարողությունները:

Այժմյան՝ Արարատյան մաքսատնից վերակազմավորվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-վարչության աշխատակից դառնալու համար դիմորդները դեռ պետք է 5 շաբաթվա տեսական, 10 շաբաթ էլ՝ գործնական պարապմունքներ անցնեն․․․ եթե, իհարկե, հաղթահարեն հարցազրույցի այս փուլը։

Գոռ Վարդանյան - Այսօրվանից մենք սկսել ենք հարցազրույցեների փուլը, որին հրավիրվել են բարձրագույն խմբի պաշտոնների համար դիմած անձինք:

Ի՞նչ հարցերի պետք է պատրաստ լինի պատասխանել մաքսատան ղեկավար պաշտոնների հավակնորդը․․․ հրապարակել չի կարելի, որովհետև բանավոր այս քննությունը մի քանի օր դեռ շարունակվելու է, մյուս մասնակիցների համար հուշումները կարող են կողմնորոշիչ լինել։ Տեղում լրացուցիչ ճշտում են․ թեկնածուն ուզում է միայն բարձր պաշտոնների դասընթացի՞ն մասնակցել, թե՞ համաձայն է նաև շարքային աշխատակիցների պարապմունքներ անցել։

Հարցազրույցն անցա՞ն, թե՞ ոչ․ մրցույթի մասնակիցները կտեղեկացվեն առավելագույնը 3 աշխատանքային օրում։ Դասընթացները կսկսվեն մայիսից, որ սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն ապագա մաքսավորները վերապատրաստված, վարկանիշային բալեր ստացած պատրաստ լինեն՝ առավել հաջողակները աշխատանքի նշանակվելու, մյուսները՝ ՊԵԿ-ի ռեզերվում ազատվող հաստիքի սպասելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում