Հանրապետական օլիմպիադայի հաղթողները անվանական կրթաթոշակ կստանան

ՔՔրիստինե Ոսկանյան

Դպրոցականների հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի մրցանակակիրները կրթական գերատեսչությունում են: Դիպլոմներն անձամբ նախարար Դումանյանն է հանձնում: 

Ուսումնական տարվա ընթացքում 16 առարկայական օլիմպիադա է անցկացվել: Հայաստանից ու Արցախից 78 աշակերտ է պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել: Նրանք մեկ տարի շարունակ կրթաթոշակ կստանան: Լիլիթը նրանցից մեկն է: Հայոց եկեղեցու պատմության իմացությամբ է աչքի ընկել:

Լիլիթ Ծատուրյան (Երևանի համար 24 դպրոցի աշակերտ) - Մարզային փուլում հավաքեցի ցածր միավորներ՝ երրորդ կարգ, սակայն որոշեցի, որ պետք է հաղթեմ ու հաղթեցի:

Էդուարդն էլ փայլել է ֆրանսերենի իմացությամբ: Կրթությունը որոշել է Ֆրանսիայում շարունակել. Վստահ է՝ այդ հարցում այս հաղթանակը իրեն շատ կօգնի:

Էդուարդ Երիցյան (Երևանի համար 119 դպրոցի աշակերտ) - Օլիմպիադայի հաղթանակը որպես մեծ ձեռքբերում է դիտարկվում, որոշել եմ շարունակել էկոնոմիկայի ու կառավարման գծով, եթե ուսումս ֆրանսերեն իրականացնեմ, մեծ ներդրում կլինի:

Կրթական գերատեսչության ղեկավարը նկատեց՝ մասնակիցների թիվը պետք է ընդլայնել: Ասաց՝ օլիմպիական լինելն ապրելակերպ է, խորհուրդ տվեց նույն ոգով շարունակել:

Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Շատ եմ կարևորում օլիմպիական շարժումը, մտքի սրություն, սպորտային կամք և ամենաքաղցրը՝ հաղթանակ: Օլիմպիական հաղթանակները լրիվ ուրիշ են:

Առարկայական օլիմպիադաներում 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներ են ստացել ավելի քան 160 աշակերտ, նրանց պարգևատրումը կիրականացվի իրենց դպրոցներում: Իսկ առաջիկայում միջազգային օլիմպիադաներն են:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Առարկաների գծով ունենք նաև միջազգային օլիմպիադաներ: Մեր թիմերը պիտի պատրաստվեն օլիմպիադաներին, հուսով եմ՝ հաջող մասնակցություն կունենանք, վերջին մի քանի տարում ավելի քան 40 մեդալ ենք ունեցել:

Այսօր մրցանակներ հանձնվեցին նաև «Ճանաչեք և պահպանեք մեր հուշարձանները» խորագրով մրցույթի հաղթողներին: Նախարարությունը ֆեյսբուքյան էջում 7 հուշարձանների նկարներ էր տեղադրել ու մրցույթ հայտարարել՝ նպատակ ունենալով դրանք ճանաչելի դարձնել աշակերտների շրջանում:

Նախարարությունում վստահեցնում են՝ որպեսզի աշակերտների մոտ այս գիտակցումը տարածվի, նման նախաձեռնությունները հաճախակի կլինեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում