Գինեսի ռեկորդ. 84 տարի նույն աշխատավայրում. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ԱՄՆ

ԲԱՐՁԵՐՈՎ ԿՌԻՎ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Նյու Յորքում նշել են Բարձերով մենամարտի միջազգային օրը: Կորոնավիրուսի համավարակից ի վեր միջոցառումն առաջին անգամ է անցկացվել:

Բարձերով կռիվը տեղի է ունեցել Նյու Յորքի «Վաշինգտոն սքուեր» զբոսայգում: Աշխարհի այլ քաղաքներում նույնպես անցկացվում են բարձերով մենամարտեր:

Միջոցառման կանոնների համաձայն՝ մասնակիցները պետք է թեթևակի ճոճեն իրենց, այսպես կոչված, «զենքերը» և օգտագործեն բացառապես փափուկ բարձեր: Որոշ քաղաքներում փետուրով բարձերն արգելված են, մյուսներում` խրախուսվում են: Բարձերով առաջին մենամարտն անցկացվել է 2008 թվականին:  

ԻՐԱՔ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՔՑԻՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ

Իրաքում անցկացվել է «Գարգաին» կոչվող փառատոնը, որի ընթացքում ավանդական հագուստով և ազգագրական մեղեդիներ նվագելով՝ մի խումբ սևամորթ իրաքցիներ շքերթով անցել են Բասրայի Զուբեյր թաղամասի փողոցներով: Նրանց շրջապատել են երեխաներ, որոնք ծափահարել են և ուրախ երգեր կատարել:

Այս փառատոնն Իրաքում ամեն տարի նշվում է Ռամադանի շրջանակում:

Նադել Սաբրի (երաժշտական խմբի անդամ) - Մենք ունենք մեր հատուկ ծեսերն ու ավանդույթները, որոնք սիրում ենք պահպանել հին ժամանակներից: Նույնիսկ այն հագուստը, որ այժմ կրում ենք, սովորական չէ, մեզ է փոխանցվել մեր պապերից: Սակայն ժամանակի ընթացքում մեր այս փառատոնը մի փոքր ավելի արդիականացվել է, այն նույնիսկ գովազդում են սոցիալական մեդիայի և լրատվամիջոցների օգնությամբ, ուստի դուրս է եկել Բասրայի սահմաններից:

Փառատոնի ժամանակ երեխաներն ավանդական հանդերձանք են կրում, տնից տուն անցնում և քաղցրավենիք հավաքում:

ԲՐԱԶԻԼԻԱ

ՆԱԽԱԿԱՌՆԱՎԱԼԱՅԻՆ ԵՐԵԿՈՒՅԹ ՌԻՈՅՈՒՄ

Բրազիլիայի սրտում` Ռիո Դե Ժանեյրոյում, սամբայի երաժիշտներն ու մոտ 300 բնակիչ մասնակցել են կառնավալին նախորդող տոնին, որը կոչվում է «Կորդաո Դո Բոյտատա»: Խրախճանքի մասնակիցները կրել են գունեղ զգեստներ` հանդես գալով միանձնուհիների, սատանաների և գերհերոսների կերպարներով:

Նիջա Վիվեք (տոնի մասնակից) - Շատ ուրախ եմ, որ վերջապես փողոց դուրս գալու և մարդկանց գրկելու հնարավորություն ենք ունեցել: Նորից կենդանություն է գալիս մեզ վրա:

Տոնի մասնակիցները նաև տանում են հսկա օձի խամաճիկ, որը խորհրդանշում է «Բոյտատա» կոչվող արարածին: Բրազիլական դիցաբանության համաձայն՝ հսկայական հրե օձը հարձակվում է բոլոր նրանց վրա, ովքեր վնասում են Ամազոնը:

Չնայած Բրազիլիան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Սամբադրոմում շքեղ շքերթներով, ավանդական խնջույքները տեղի են ունենում փողոցում:

ԲՐԱԶԻԼԻԱ

ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ ԿՅԱՆՔԸ ՏՈՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՌԻՈՅԻ ԿԱՌՆԱՎԱԼԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Ռիոյում արդեն մեկնարկել ու ողջ պերճանքով ընթանում է հայտնի կառնավալային շրջանը: Սամբայի տարբեր դպրոցների ներկայացուցիչներ ներկայանում են իրենց անզուգական ելույթներով:

Նրանք դուրս են գալիս մրցույթ-շքերթին, ներկայանում են իրենց պարողներով, թմբկահարներով և, իհարկե, դիվաների մի մեծ թիմով:

Բեա Ռամոս (Lins Imperial Samba դպրոցի անդամ) - Մենք անչափ երջանիկ ենք, քանի որ ողջ ու առողջ ենք, փրկվել ենք համավարակից: Մենք այստեղ ենք՝ կյանքը տոնելու, կառնավալը նշելու համար:

Բացի այն, որ անցած տարի Ռիոյի հայտնի կառնավալը չէր անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, այս տարի էլ փետրվարից հետաձգվել էր մինչև ապրիլ: Հուրախություն բրազիլացիների և օտարերկրացի զբոսաշրջիկների՝ այն, ի վերջո, կայացավ:

ԱՄՆ

ՊԱՆԴԱՆԵՐԻ ՏՈՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

Սմիթսոնյանի ազգային կենդանաբանական այգին և Կենսաբանության պահպանության ինստիտուտը նշել են հսկա պանդաների խնամքի, պահպանման, բուծման և ուսումնասիրության 50-ամյակը:

Այս կարևոր իրադարձությունը նշելու համար կենդանաբանական այգու հսկա պանդաների ընտանիքը՝ 24-ամյա արու Թիան Թիանը, 23-ամյա էգ Մեյ Սյանը և նրանց 19 ամսական արու ձագը՝ Սյաո Ցի Ցզին հոբելյանի առիթով արժանացել են հատուկ հյուրասիրության` տորթերի տեսքով:

Կենդանաբանական այգու աշխատակիցները պանդաներին թույլ են տվել, որ վաղ առավոտյան մոտենան իրենց տորթերին:

Տորթի հիմքը պատրաստված է սառեցված նոսրացված խնձորի և արքայախնձորի հյութերից։ Այն զարդարված է կարմիր «50»-ով, ինչպես նաև քաղցր կարտոֆիլով, խնձորով, գազարով, տանձով, շաքարեղեգով, բանանով և դեղին ակոսավոր բամբուկով:

ԳԱՆԱ

ՊԱՐԱՊԼԱՆԵՐՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԳԱՆԱՅՈՒՄ

Տարին մեկ անգամ հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից հավաքվում են Գանայի Կուահու և Ալիբի քաղաքներում, որոնք մայրաքաղաք Աքրայից մոտ 150 կմ հյուսիս են ընկած: Սրանք հիմնականում հանգիստ բնակավայրեր են համարվում:

Մարդիկ հավաքվում են այստեղ` մասնակցելու պարապլաներների փառատոնին և կառնավալին: Տեղացիները լիահույս են, որ այս միջոցառումը կարող է Արևմտյան Աֆրիկան դարձնել էքստրեմալ սպորտի կենտրոն:

Վերջին երկու տարվա ընթացքում փառատոնը կորոնավիրուսի համավարակի պատճառով չէր անցկացվել: Այս տարի մոտ 400 մարդ է գրանցվել զույգերով թռիչքների համար` արհեստավարժ օդաչուների ուղեկցությամբ:  

Սակայն կան մարդիկ, որոնք իրենց սեփական պարապլաններն են բերել` ինքնուրույն թռչելու նպատակով:

ԱՎՍՏՐԱԼԻԱ

ԷԼՎԻՍ ՓՐԵՍԼԻԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇՔԵՐԹ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ

Հազարավոր մարդիկ են հեղեղել Ավստրալիայի Պարկես քաղաքի փողոցները՝ մասնակցելու Էլվիս Փրեսլիի կյանքին ու երաժշտությանը նվիրված շքերթին:

Տոնի մասնակիցները կրել են Էլվիսի սանրվածքը հիշեցնող կեղծամներ, հագնվել են նրա պես, արել են հնարավոր ամեն ինչ՝ սիրելի ռոք աստղին նմանակելու համար:  

Անցած տարի այն չի անցկացվել՝ կորոնավիրուսի պատճառով: Այս տարի էլ Պարկեսի քաղաքապետը սկզբում մտավախություն է ունեցել, որ համավարակը կարող է բացասաբար ազդել դրա վրա:

Քեն Քեյթ (Պարկեսի քաղաքապետ) - Այն, ինչ տեղի ունեցավ, շշմեցնող էր: Մենք պատկերացում չունեինք, թե քովիդից հետո իրադարձությունները ինչպես կարող են զարգանալ: Սակայն այսօր հասկացանք, որ մարդիկ անչափ ոգևորված են և մեծ կարոտով են նշում ռոքի արքային նվիրված փառատոնը:

Սա արդեն 29-րդ տարին է, ինչ Պարկեսում անցկացվում է Էլվիս Փրեսլիին նվիրված փառատոն: Սովորաբար ավելի քան 25 հազար մարդ է մասնակցում այս միջոցառմանը:

ԲՐԱԶԻԼԻԱ

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴ. 84 ՏԱՐԻ ՆՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ

Բրազիլիայի հարավային Բրյուսկե քաղաքի 100-ամյա բնակիչը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ միևնույն ընկերությունում ամենաերկար աշխատելու շնորհիվ. 84 տարի:

Չնայած իր արտասովոր նվաճմանը, Ուոլթեր Օրթմանի խորհուրդները նրանց համար, ովքեր փնտրում են երկար և լիարժեք մասնագիտական ​​կյանք, զարմանալիորեն սովորական են. արա այն, ինչ սիրում ես, և հեռու մնա վնասակար սննդից:

Ուոլթեր Օրթման (Գինեսի ռեկորդակիր) - Պետք է սիրեք ձեր աշխատանքը: Ես հենց այդ պատրաստակամության և մարտական ոգով եմ սկսել աշխատել: Չարժի ուղղակի աշխատել աշխատելու համար, միևնույն է, չի ստացվի, հաստատ երկար չեք դիմանա:

Օրթմանը գործվածքեղեն արտադրող գործարանում սկսել է բանվորի աշխատանքից: Ժամանակի ընթացքում մասնագիտական աճ է ունեցել և այժմ աշխատում է որպես վաճառքի մենեջեր:

Առողջական լավ վիճակում մնալու համար նա ամեն օր մարզվում է և հետևում սննդակարգին: Վստահեցնում է, որ խուսափում է աղից ու շաքարից, գազավորված ըմպելիքներից, փորձում է առողջ սնվել, որ երկար ապրի:

ԻՏԱԼԻԱ

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՇՂԹԱՆ» ԼՈՂՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Գոնդոլներն ու ջրային տաքսիները սովորական տեսարան են Վենետիկի ծովածոցում, բայց այժմ կա նաև «Մարդկային շղթայի» հսկա նկար, որը լողում է քաղաքի ջրերով՝ որպես մի նկարչի գլոբալ նախագծի մաս, որը նա հույս ունի՝ կխթանի միասնությունն ավելի ու ավելի բևեռացված այս աշխարհում:   

Ֆրանս-շվեյցարացի գրաֆիտի նկարիչ Սայպեն ֆրեսկոների մի մեծ շարք է սկսել, որը վերնագրել է «Պատերից այն կողմ»: «Մարդկային շղթան» այդ շարքում նրա 14-րդ աշխատանքն է: Արվեստագետը սիրում է նկարել բնական մակերևույթների վրա: Այս անգամ միմյանց բռնող ձեռքերը նկարել է խոտածածկույթի վրա:

Սայպեն օգտագործում է կենսաքայքայվող ներկեր, որոնք պատրաստված են բնական գունանյութերից, ինչպիսիք են ածուխը և կավիճը: Իրար միահյուսված ձեռքերը նկարել է 8 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ բեռնատարի թափքին տեղադրված խոտածածկ մակերևույթին:

Սայպե (նկարիչ) - Իմ այս աշխատանքով ցանկացել եմ ուղերձ հղել այն մասին, որ հարկավոր է տարբեր խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնել: Միասնության գաղափարը ներկայացրել եմ միահյուսվող ձեռքերի օգնությամբ: Բացի այդ, պատահական չէ, որ այն ներկայացրել եմ հենց այստեղ՝ Վենետիկում, որը խորհրդանշում է մեր ժամանակների խոցելիություն՝ նկատի ունենալով, որ քաղաքը կառուցված է ջրի վրա և, հետևաբար, ամբողջովին կախված է կլիմայական ռիսկերից:

Սայպեի «Մարդկային շղթան» ներկայացված է Վենետիկում անցկացվող 2022 թվականի բիենալեի միջազգային արվեստի ցուցահանդեսի շրջանակում:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԵՂԻՍԱԲԵԹ 2-ՐԴԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՏԻԿՆԻԿ՝ ԾՆՆԴՅԱՆ 96-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Այս տարի լրանում է Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծննդյան 96-ամյակը: Պլատինե հոբելյանի առիթով տիկնիկագործական հայտնի ընկերություններից մեկը միապետուհու կերպարով տիկնիկ է պատրաստել: Այս տարի լրանում է Եղիսաբեթ 2-րդի պաշտոնավարման 70-ամյակը:

Թագուհու տիկնիկը փղոսկրյա ճերմակ զգեստ և կապույտ ժապավեն է կրում, իսկ գլխին այն թագի կրկնօրինակն է, որը միապետուհին կրել է իր հարսանիքի օրը:

Եղիսաբեթ 2-րդ թագուհին թագադրվել է 1952 թվականին՝ հոր՝ Ջորջ 6-րդի մահից հետո: Նա համարվում է Անգլիայի պատմության ամենաերկարակյաց միապետը: Պլատինե հոբելյանի տոնակատարությունները նախատեսված են անցկացնել հունիսի սկզբին, իսկ մինչև այդ Եղիսաբեթ 2-րդի կերպարով տիկնիկները կվաճառվեն Լոնդոնի խանութներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում