ԱԱրևիկ Աբելյան

Հորդանանը կարևորում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը. Գարեգին Երկրորդն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Հորդանանը կարևորում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը. Գարեգին Երկրորդն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Արթուր Դավթյանի։

 
Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս է հայտնել, որ այն առավել կզորացնի երկու խորհրդարանների հարաբերությունները՝ մեծապես նպաստելով երկրների միջև հետագա սերտ գործակցությանը:

 

Վեհափառ Հայրապետը, վերհիշելով իր այցը Հորդանան, ինչպես նաև հանդիպումները Հորդանանի թագավորի հետ Հորդանանում և Սուրբ Էջմիածնում, գոհունակությամբ հաստատել է հայ համայնքի նկատմամբ Հորդանանի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը՝ որպես ձևավորված դարավոր բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորում:
 
Հայոց Հովվապետը արձանագրել է նաև, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները կարողացել են ապաստան գտնել Հորդանանում և կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի առաջընթացին:

 

Իր հերթին, Խալդուն Հինան Վեհափառ Հայրապետին փոխանցել է Հորդանանի ժողովրդի և հորդանանահայության ողջույնները։

 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախյան 44-օրյա պատերազմին և դեռևս չհաղթահարված հետևանքներին, Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի դեմ շարունակվող ոտնձգություններին։
 
Խոսելով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների, սրբավայրերի, խաչքարերի, շիրմաքարերի պղծման և ոչնչացման դեպքերի մասին՝ Նորին Սրբությունը նկատել է, որ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը հարիր չէ իսլամի ոգուն, և հույս հայտնել, որ այն իսլամական աշխարհի կողմից կարժանանա խիստ դատապարտության։
 
Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահը վերահաստատել է, որ Հորդանանը կարևորում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը և ողջունում դրան ուղղված ջանքերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում