Կենսաթոշակային հաշիվների բալանսը տարեվերջին դրական կլինի. ֆոնդերը գրագետ են կառավարվում

ԼԼիլիթ Ասատրյան

Մի քանի օր է սոցիալական ցանցերում բարձրաձայնում են՝ կենսաթոշակային հաշիվների այս տարվա առաջին եռամսյակը մինուս նշանով է: Տարբեր մեկնաբանություններ են հնչում, թե պետությունը չի փոխանցում իր մասնաբաժինը, վերջում պարզվելու է՝ պետությանը մենք ենք պարտք:

Կարեն Զաքարյան (ֆինանսիստ) - Ինձ մոտ էլ է բացասական եկամտաբերություն, բայց հանգիստ եմ նայում դրան:

Կարեն Զաքարյան ու պատասխանատու օղակները ողջունում են՝ առաջացած աղմուկը նշանակում է՝ մարդիկ ավելի ուշադիր ու հետևողական են:

Եվ չնայած առաջին անգամ է աղմուկը մեծ, բայց բացասական եկամուտ ունենալը առաջին անգամը չէ:

Կարեն Զաքարյան - Ընդ որում՝ եղել է եռամսյակ, որի ընթացքում ավելի մեծ է եղել մինուսը, բայց կյանքը ցույց է տվել, որ այդ մինուսները ոչ թե հաղթահարվել են, այլ եկամտաբերություն են ապահովել, ու ամեն մարդ կարող է իր հաշվին տեսնել: Չի բացառվում որ էլի կարող է տեղի ունենալ, բայց երկարաժամկետ իրեն արդարացնելու է՞
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարող 2 կազմակերպությունից մեկը՝ ֆրանսիական «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ»-ն է, գործադիր տնօրենի տեղակալը 2020 թ. օրինակն է բերում ծանր տարի էր, եռամսյակին բացասական եկամուտներ են եղել, բայց տարին ամփոփել են 11 տոկոս եկամտաբերությամբ:

Կառավարիչների աշխատանքը ֆինանսիստ Կարեն Զաքարյանը մեկ բառով է բնորոշում՝ գրագետ: Հակառակ դեպքում համաշխարհային շուկայի վայրիվերումների պատճառով կորուստները մեծ կլինեին:

Կարեն Զաքարյան - 2014-ից մինչև էսօր երբ որ դուք գրաֆիկը նայեք, կտեսնեք, որ ունեք բավական մեծ աճ, և շահառուները կարող են պատկերացնել, որ կլորիկ գումար են ունենալու եթե ունեն լավ վարձատրվող աշխատանք:

Կենսաթոշակային ֆոնդերը կառավարող երկու կազմակերպությունն այս պահին 690 000 մարդու խնայողություններ են կառավարվում, 410 000-ը ամեն ամիս հատկացում կատարողներն են: Այս պահին 500 մլրդ դրամ կուտակված միջոցներ կան:

Կարեն Հակոբյան (ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ) - 500 մլրդի շուրջ 72 տոկոսը ըստ էության Հայաստանում է և ՀՀ դրամով:

Նշում է առկա բացասական թիվն էլ հաշվարկելի է, ոչ իրացվող: Օրինակով է բացատրում:

Կարեն Հակոբյան - Եթե, օրինակ, քաղաքացին բարձր գնով բնակարան է ձեռք բերել, 1 տարի հետո ընդհանուր շուկայում բնակարանների գները նվազում են, քաղաքացին վնաս կկրեր, եթե վաճառեր էժան գնով, բայց եթե ավելի երկար նայենք, ապա կարող է գներն աճի ու էդ ժամանակ վաճառելիս գնահատի՝ շահել է, թե տուժել:

Կուտակային կենսաթոշակի ֆոնդին 4,5 տոկոս աշխատողը, 5,5 տոկոս պետությունն է փոխանցում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից վստահեցնում են՝ պետությունը փոխանցումները պարտաճանաչ կատարում է, նախորդ տարի շուրջ 60 մլրդ դրամ է փոխանցել: Կենտրոնական բանկից շեշտում են՝ մեխանիզմը ավտոմատացված է, մարդկային գործոն չկա:

Վերադառնալով 2022 թ. առաջին եռամսյակի բացասական թվերին՝ մասնագիտական բոլոր կողմերը շեշտում են՝ պետական արժեթղթերի և օտարերկրյա պարտատոմսերի գների նվազումն է պատճառը, իսկ դա պայմանավորված է ընդհանուր շուկայում տոկոսադրույքների աճով:

Ամեն դեպքում, բացասական թիվը՝ -1,4 տոկոսը, անհամեմատ փոքր է, քան կարող էր լինել: Շեշտում են՝ կարևորը տարվա ամփոփիչ թիվն է:

Հրայր Ասլանյան (Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ) - Ամբողջ աշխարհում տարբեր արժույթներով է ներդրված. Որ հակակշռեն իրար ներդրումները: Սա առանցքային նշանակություն ունի, և նվազագույնի է հասցնում ռիսկերը

Դավիթ Խաչատրյան (ԱՍՀ նախարարի տեղակալ) - Մեկ եռամսյակով գնահատենլ համակարգը և համակարգի մասին կարծիք հայտնելը սխալ կլինի:

2014-ից սկսած՝ չենք ունեցել տարի, որ 4 եռամսյակների ամփոփ տվյալներում ունենանք եկամտաբերություն. ունեցել ենք 3,4 եկամտաբերություն, 15 տոկոս եկամտաբերություն...

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը թեև պետությունը չի կառավարում, բայց կառավարիչներին լիցենզիան պետուիթյունն է տվել, և ամենօրյա ռեժիմով է վերահսկում:

Կարեն Հակոբյան - 2 կառավարիչ դիմել, լիցենզիա է ստացել, 2-ն էլ աշխարհահռչակ ընկերություններ են, օրինակ՝ 2 տրիլիոնից ավելի փող է կառավարում Ամուդին:

Պետությունն արդեն իսկ ընդունել է օրենքներ, որոնցում հստակ պահանջներ են սահմանված, այսինքն՝ կառավարիչները պետք է բազմազան ակտիվներում ներդնեն, նաև ամենօրյա հսկողություն կա օրենքին համապատասխան լինելու ֆինանսիստ Կարեն Զաքարյանը շեշտում է՝ կուտակային համակարգին այլընտրանք չկա:

Կարեն Զաքարյան - Այլընտրանքն այն էր, որ մնում էր պետական կենսաթոշակ, և հաշվարկները ցույց էին տալիս, որ 30-ից սկսած՝ պետությունը չէր կարողանա վճարել նույնիսկ էնքան, ինչքան հիմա տալիս է: Մոտ 10 տարի նախապատրաստվել է այս ռեֆորմը:

Համակարգի ստեղծման պահից՝ 2014 թվականից, յուրաքանչյուր մասնակցի գումարի եկամտաբերությունը 8-9 տոկոս է։ 8 տարվա ընթացքում 86 տոկոս եկամտաբերություն են ապահովել:

Համակարգին միացած առաջին շահառուները 2037 թվականին կստանան կուտակած գումարները։ Կառավարությունը նաև հիվանդությունների ցանկ է առանձնացրել, որոնց դեպքում մինչև 63 տարեկան դառնալը հնարավոր է միանվագ ստանալ արդեն կուտակած գումարը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում