ԼԼիլիթ Ասատրյան

Մեր և ձեր ներդրած ջանքերը արդյունքներ են տալիս. Զարեհ Սինանյանը` «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

Մեր և ձեր ներդրած ջանքերը արդյունքներ են տալիս. Զարեհ Սինանյանը` «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներ Հարություն Աթոյանին (Ռուսաստան, Չիտա) և Մարի Հունանյանին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Դյուսելդորֆ)։ Հանդիպմանը ներկա էր նաև ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը:

«Սփյուռքի հետ ամուր կապի ստեղծումն այս ծրագրի առանցքային նպատակներից մեկն է: Այսօր այդ կապն ապահովողները նաև դուք եք՝ Սփյուռքի երիտասարդ դեսպաններդ, ովքեր, գտնվելով աշխարհի տարբեր մասերում, ունեն նույն առաքելությունը՝ մոտեցնել Հայաստանն ու սփյուռքը և կենսունակ պահել հայ համայնքները»,- կարևորեց Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի երիտասարդ դեսպանները ներկայացրին իրենց գործունեությունը համայնքներում, հաջողություններն ու ծրագրի արդյունավետությունը:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից Հարություն Աթոյանը ներկայացրեց Չիտայի հայ համայնքում կատարած աշխատանքները։ Իր և համայնքի այլ ակտիվիստների  ջանքերով Չիտայում ստեղծվել և գործում է  հայկական կրթամշակութային կենտրոն, որտեղ  հաճախող  շուրջ  60 մեր հայրենակիցներ սովորում են հայերեն,  ուսումնասիրում  հայ մշակույթը և զբաղվում «սամբո» մարզաձևով։

«Այս ծրագիրն ինձ  մեծ վստահություն և ուժ է տվել, նոր գիտելիքներ և հմտություններ փոխանցել: Այդ ամենն ինձ մեծապես օգնում է կենտրոնի աշխատանքների կազմակերպման հարցում»,-նշեց Հարություն Աթոյանը:

Գերմանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Մարի  Հունանյանը խոսեց  իր գործունեության մասին։ Ծրագրի շրջանակներում այցելելով տարբեր քաղաքներ՝ Մարին ծանոթանում է Գերմանիայի հայ համայնքի խնդիրներին, պարզում համայնքում ապրողների  հետաքրքրությունների շրջանակները:

Մարին  ընդգծեց, որ գերմանահայ համայնքում  առկա խնդիրներից են հայոց լեզվի իմացությունը, իրենց հայրենիքի պատմության և ներկայի հիմնավոր ուսումնասիրման բացակայությունը:  Նա նշեց, որ տեղի հայ երիտասարդները մեծ ցանկություն են հայտնում  անմիջականորեն առնչվելու և ծանոթանալու Հայաստանի և այնտեղ ապրող իրենց հայրենակիցների հետ:

Հանդիպման ավարտին Սփյուռքի երիտասարդ դեսպանները պատրաստակամություն հայտնեցին ծրագրի ավարտից հետո ևս կապի մեջ լինել գրասենյակի հետ և շնորհակալություն հայտնեցին գրասենյակի կողմից հետևողական աշխատանքի և ծրագրին մասնակցելու հնարավորության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում