44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի ծնողները որդի են ունեցել

ՀՀայկ Նավասարդյան

Մեկուկես տարվա չապրած օրերից հետո նոր կյանք է Գրիգորյանների ընտանիքում: 44-օրյա պատերազմի հետևանքով որդեկորույս մոր առաջին հանդիպումն է նորածին որդու հետ:

Նելլի Մուրադյան (44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի մայրը) - Դեռ շոկի մեջ եմ, դեռ չեմ պատկերացնում, Արսենս էլ էր փոքր դեմքով, ինքն էլ, չեմ նմանեցնում դեռ ոչ մեկի:

Փոքրիկը ավագ եղբորը չի տեսնի, կլսի նրա մասին պատմությունները: Արսեն Գրիգորյանը ընտանիքի միակ զավակն էր, ծառայում էր Մեղրիում: Համավարակի պատճառով զորակոչից հետո ծնողները 9 ամիս չեն հանդիպել զինվոր որդու հետ: Պատերազմի հենց առաջին օրերից Արսենը Ջրականում էր. զոհվել է հոկտեմբերի 10-ի գիշերը անօդաչուի հարվածից:

Նելլի Մուրադյան (44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի մայրը) - Մեր տան միակն էր Արսենս, մեր տան գանձն էր:

Միակ որդուն կորցնելուց հետո ամուսինները ուժ են գտել նորից կյանքը շարունակելու, դիմել Շենգավիթ բժշկական կենտրոն՝ զոհված զինծառայողների ծնողներին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող պետության ընձեռած անվճար ծառայությունից օգտվելու հնարավորությունից:

Մարգարիտա Գրիգորյան (գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ) - Զույգը դիմել էր ինձ: Պատկերացրեք՝ այնքան համեստ, չեն ասել, որ միակ որդուն կորցրել են, հետազոտությունների արդյունքում պարզվեց:

Նորածնի լույս աշխարհ գալուն ծնողների հետ բուժանձնակազմն է անհամբեր սպասել: Նորածինը 3 կգ 100 գրամ քաշով է ծնվել, հասակը՝ 50 սմ:

Հասմիկ Անդրեասյան (մանկաբարձ-գինեկոլոգ) - Ամեն ինչ նորմալ է, վիրահատությունը անցել է հարթ, հղիությունն անցել է հարթ, մայրը և երեխան լավ են:

Նորածնի անունը ծնողները դեռ չեն որոշել, բայց արդեն մտածում են երկրորդ փոքրիկի մասին: Կորուստը հաղթահարելու միակ տարբերակը, 42-ամյա մայրն ասում է, «նոր կյանք տալն է»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում