ԼԼիլիթ Ասատրյան

Վահրամ Դումանյանը պարգևներ է հանձնել «Համադպրոցական գիտության փառատոն-2022» մրցույթի հաղթողներին

Վահրամ Դումանյանը պարգևներ է հանձնել «Համադպրոցական գիտության փառատոն-2022» մրցույթի հաղթողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պարգևներ է հանձնել «Համադպրոցական գիտության փառատոն-2022» մրցույթի հաղթողներին: ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: 

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, մրցույթներին մասնակցած դպրոցականներ և մանկավարժներ: Արարողությանը մասնակցել է նաև «Արփա» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Հրաչուհի Պողոսյանը՝ որպես Համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած կառույցի ներկայացուցիչ:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու գաղափարն առաջնային նշանակություն ունի: «Մենք լիահույս ենք, որ Համադպրոցական գիտության փառատոնի հաջորդ տարվա մասնակիցներն ավելի մեծաթիվ կլինեն, կընդլայնվի նաև մասնակից դպրոցների աշխարհագրությունը: Ամենահետաքրքիր մտքերը ծնվում են դպրոցում: Գիտաֆանտաստիկ թվացող մտահղացումները գիտության շնորհիվ երբեմն դառնում են իրականություն: Ուզում եմ հույս հայտնել, որ սաղմերը, որ երևում են փառատոնի մասնակիցների նախագծերում, հետագայում կարող են վերաճել գիտական գործունեության»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ շեշտելով, որ պետությունը գիտության դերի բարձրացումը համարում է գերակա խնդիր և դրան միտված ծրագրային քայլեր է իրականացնում:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է հաղթողներին՝ շեշտելով, որ ճանապարհը դեպի գիտություն սկսվում է դպրոցից: Նա նաև շնորհակալություն է հայտնել «Արփա» ինստիտուտին Համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար:

«Արփա» ինստիտուտի ներկայացուցիչ Հրաչուհի Պողոսյանն էլ շնորհակալություն է հայտնել գիտության համադպրոցական փառատոնին մասնակցած դպրոցականներին և նրանց գիտական ղեկավարներին՝ նշելով, որ իրենք՝ իբրև կազմակերպություն, կարևորում են ՀՀ դպրոցականների մասնակցությունը միջազգային ծրագրերին:

«Հայաստանը հայտնի է իր ուղեղներով, խելացի մարդկանցով և աշխատասեր ռեսուրսով: Մենք նաև շնորհակալ ենք ԿԳՄՍ նախարարությանը համատեղ աշխատանքի և արձանագրված արդյունքների համար»,- նշել է նա:

Այնուհետև նախարար Վահրամ Դումանյանն ու Հրաչուհի Պողոսյանը հաղթող ճանաչված նախագծերի հեղինակներին` դպրոցականներին և գիտական ղեկավարներին, հանձնել են մրցանակները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում