«Շտապօգնությունում» կներդրվի հետադարձ զանգի համակարգ

ՎՎահե Դավթյան

1-03-ի կառավարման կետում զանգերը չեն դադարում: Կարգավարները տեղեկանում են պացիենտի առողջական վիճակին, ճշտում հասցեն ու գրանցում կանչը:

Ապրիլից նրանց պարտականությունը կավելանա ևս մեկով: «Շտապօգնությունում» կներդրվի հետադարձ զանգի համակարգ:

Թագուհի Ստեփանյան (Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն) - Եթե բոլոր կարգավարները, որոնք աշխատում են այս զանգերի կենտրոնում, զբաղված են զանգ ընդունելով և չեն կարողանում պատասխանել մեր քաղաքացիների որևէ կանչի, այդ ժամանակ կտեսնեն, թե ովքեր են զանգում, և անպայման կապահովեն հետադարձ կապը:

«Շտապօգնությունում» նշում են՝ որոշ զանգեր բաց են թողնվում հատկապես երեկոյան ժամերին: Կառավարման կետն օրական ընդունում է մոտ 1000 կանչ: Այս թիվը, սակայն, նախորդ ամսվա համեմատ զգալիորեն նվազել է:

Թագուհի Ստեփանյան - Ե՛վ քովիդի թվերն են իջել, և՛ սուր շնչառական հիվանդությունների թիվն է իջել: Եթե երկու ամիս առաջ շաբաթական մենք ապահովում էինք 10000 կանչ, այսօր արդեն՝ 4400, այսպես է շաբաթական կտրվածքով:

Սա «Շտապօգնության» ծառայությունում բարեփոխումների միայն մի փուլն է: Առողջապահության նախարարությունում ստեղծվել է կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպման աշխատանքային խումբ: Ներգրավված են ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի փորձագետները:

Արմեն Նազարյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է լինելու՝ իրականացնել խորքային վերլուծություններ, կատարել «Շտապօգնության» գործունեության քարտեզագրում ամբողջ հանրապետության մակարդակով, գնահատել կարիքները:

Կառավարման բարեփոխումներին զուգահեռ՝ կհամալրվեն նաև ծառայության ռեսուրսները:

Արմեն Նազարյան - Մշտապես տեսնում եք նոր թարմացվող «Շտապօգնության» պարկը: Նախատեսվում է ևս նոր մեքենաների ներգրավում «Շտապօգնության» աշխատանքներում:

Աշխատանքային խումբը ծառայության կարիքները կուսումնասիրի մինչև նոյեմբեր, հետո դրանք կշարադրի «Շտապօգնության բարեփոխումների 2022-2025 թվականների ծրագրում»: Ծառայությունը տեխնիկապես ավելի հագեցած և օպերատիվ նախատեսվում է դարձնել մինչև 2025 թվականը: 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում