Հանրապետության նախագահն այցելել է ԵՊՀ

ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալվեց Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում: Քննարկված թեմաների շրջանակը լայն էր՝ կրթություն ու մշակույթ, տնտեսություն, ազգային անվտանգություն ու ռազմարդյունաբերություն:

Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Հայաստանի Հանրապետության զարգացման միակ ներուժը կրթությունն է, գիտությունն է, մարդն է: Մենք այլ հնարավորություն չունենք:

Նախագահի խոսքով` պետությունը ռազմարդյունաբերության բնագավառում լուրջ ներդրումներ է կատարում, բայց տարվա ընթացքում հատկացված ամբողջ գումարը չէ, որ սպառվում է. գաղափարների պակաս կա:

Վահագն Խաչատուրյան - Ինժեներական գաղափարների պակաս կա, նորարարությունների, նախաձեռնությունների պակաս կա, մեծ բացթողում ունենք ինժեներական կրթության առումով:

Նախագահը շեշտադրեց նաև բարձր որակավորմամբ մասնագետների պակասը ՏՏ-ում, մասնավորապես, ծրագրավորման ոլորտում տնտեսության առաջադրած պահանջները չեն բավարարվում: Վահագն Խաչատուրյանը նկատեց, որ ռուս-ուկրաինական վերջին իրադարձություններից հետո Հայաստան ժամանած մասնագետները ավելի պահանջված են դառնում տեղի ընկերությունների համար: Առաջիկայում ակնկալվում է, որ ծրագրավորողներ կգան նաև Հնդկաստանից, ինչը ևս մեծացնելու է մրցակցությունը, և հայաստանցի մասնագետները ստիպված են լինելու ավելացնել գիտելիքները: Ու այդ առումով բուհը անելիք ունի:

Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Կառավարության ծրագիրը մինչև 26 թվական եթե դուք վերցնում ու նայում եք, տեսնում եք` ինչ ահռելի ծավալ հատկացված է հենց կրթական ծրագրերին:

Նախարարը նաև հույս հայտնեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը շուտով կսկսի գործել: Կրթությունն ու գիտությունը, ըստ նրա, շաղկապված են և առանձին չեն կարող լինել:

ԵՊՀ ռեկտորն էլ ներկայացրեց բուհում ձեռնարկված բարեփոխումները՝ խոսելով նաև կրթական նոր ծրագրերի մասին:

Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտոր) - Մենք ակնկալում ենք, որ պետությունը առավել ուղղորդի բիզնեսին դեպի կրթական համակարգ. այս պահին կարող ենք ասել, որ Այ Թի ոլորտն է շատ ակտիվ աշխատում մեզ հետ, մնացած ոլորտներում դեռ պասիվ են, որոշակի շարժ կա, բայց դա դեռևս հեռու է բավարար լինելուց, և այդ տեսակետից ձեր աջակցությունը մեծապես պետք է ԵՊՀ-ին:

Հովհաննիսյանն ակնկալում է, որ նման հանդիպումները շարունակական կլինեն: Խաչատուրյանն էլ վերահաստատում է, որ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնելու կրթության և գիտության զարգացմանը:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում