Նորոգվում է «Լամբադա» ճանապարհային հանգույցը. առանձին ուղղություններ կփակվեն

ՎՎահե Կոստանդյան

Արդեն առավոտյան շինարարները փակել էին Ազատության պողոտայից դեպի Դավիթ Անհաղթ՝ Զեյթուն տանող ուղղությունը: Սա ճանապարհային հանգույցի նորոգման չորսամսյա շինաշխատանքների առաջին փուլն է: Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Ազատություն-Սուրենյան փողոցներով: Երկրորդ փուլով՝ հաջորդ ամիս, կսկսեն նորոգել Կոմիտաս-Ազատության պողոտա՝ դեպի Հաղթանակ զբոսայգի ուղղությունը: Երրորդ փուլում Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա՝ նախկին Ռայկոմի ուղղությամբ, և չորրոդ փուլով՝ Ազատության պողոտայից դեպի Կոմիտաս ուղղությունը:

Արսեն Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ջրամեկուսացման աշխատանքներ:

Տասնամյակներ առաջ կառուցված ճանապարհային հանգույցը նման հիմնանորոգման դեռ չէր ենթարկվել: Տարիների ընթացքում ձյան հալոցքից և անձրևաջրերից հիմնականում վնասվել է հետիոտնային անցումի ծածկը: Եթե հիմա էլ չնորոգեին՝ վիճակն էլ ավելի էր վատթարանալու: Եթե հիմա նորոգման համար ծախսելու են 139 միլիոն դրամ, ապա հետաձգելու դեպքում ավելի շատ կպահանջվեր:

Էդվարդ Շաքարյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ) - Ամբողջապես քանդելու ենք շուրջ 70 սանտիմետր, իջնելու ենք մինչև ծածկի սալին, հեռացնենք ջրամեկուսիչ շերտը, հետո նոր երկշերտ իզոգամով ջրամեկուսացման աշխատանքներ արվեն:

Ջրամեկուսացումից հետո հետիոտնային անցումում ամբողջովին կփոխվի սալապատումը, էլեկտրական համակարգը, կտեղադրեն լեդ լուսավորություն: Ամբողջովին փոխվելու է նաև անցումների մուտքերի ջրընդունիչ համակարգը. ի վերջո կվերականգնեն տարիներով չգործող չորս հասարակական զուգարանները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում