Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց

ԼԼիլիթ Ասատրյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունում արտակարգ իրավիճակ է: Կալանավորվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով՝ խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նախարարի պաշտոնը նա զբաղեցնում է 2020-ի նոյեմբերից: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող աղմկահարույց քրեական գործով եւս 8 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, ավելի քան 10 անձ՝ կասկածյալի:

Գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձինք կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ են կատարել: Բացի նախարարից, գործով ներգրավված է նրա խորհրդականը, նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Պարզվել է, որ նախարար Անդրանիկ Փիլոյանը նախարարության հետ գործակցող ընկերության օգտին գործողություններ կատարելու համար իր խորհրդականի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափի կաշառք: Խորհրդականի բնակության վայրի խուզարկությամբ առգրավել են հրազեն և ռազմամթերք:

Մեկ այլ դրվագով էլ նախարարը ջեռուցման համակարգի տեսքով է կաշառք ստացել, որի ստանալուն միջնորդել է նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը:
Բացի այդ, մեկ այլ ստորաբաժանման ղեկավար էլ իր ծանոթին փրկարար ծառայության ջոկատներից մեկի հրամանատար նշանակելու դիմաց է նախարարին կաշառք առաջարկել. նա ընդունել է առաջարկը:

Նույն ղեկավարը նախարարության տարբեր ստորաբաժանումներում քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար նրանցից պահանջել և ստացել է 2000-2500 դոլար ապօրինի վարձատրություն:

Բացի այդ, փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները 2021 թվականի հոկտեմբերին խաբեությամբ կազմակերպել են փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, ապա պարգևատրվողների օժանդակությամբ հափշտակել պարգևավճարները:

Խախտումներ են արձանագրվել նաև մրցույթների կազմակերպման ընթացակարգերում: Նախարարի խորհրդականը, փրկարար ծառայության ստորաբաժանումների ղեկավարները կալանավորվել են, մյուսները՝ ստորագրությամբ ազատ արձակվել:

Աննախադեպ կոռուպցիոն այս գործին գործադիրի նիստում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Շատ ցավալի փաստ է, իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք որևէ կերպ և ամենայն հարգանքով: Բայց ես նաև ուզում եմ իմ վերաբերմունքը արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, և շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն ու սկզբունքային պահենք:

Երկրի ղեկավարի խոսքով՝ գործով նախաքննությունը շարունակվում է և միայն դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո հնարավոր կլինի որևէ եզրակացություն անել:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում