Լոռիում ձնահոսքի հավանականություն կա

ԼԼիլիթ Ասատրյան

Լոռիում մարտի ընթացքում տեղացած ձյան աննախադեպ ծավալի պատճառով մարզում մեծացել է բնական աղետների վտանգը։ Ձնահոսքի հավանականություն այժմ էլ կա։

Արտակ Պողոսյան (Լոռու մարզային փրկարարական վարչության ավագ հրահանգիչ) - Ճանապարհի հատվածը դեռ հագեցած է առատ ձյան շերտով, որոնք դեռ չեն հալվել, և բացառված չէ, որ ձնահյուսը կարող է նորից կրկնվել։ Կտարվեն պարբերական աշխատանքներ նման դեպքերը ավելի խորությամբ ուսումնասիրելու և ազգաբնակչությանը տեղեկացնելու նպատակով։

Օրերս Բազում գյուղի մոտակայքում տեղի ունեցած ձնահոսքը կաթվածահար էր արել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը։ Ձնահոսքն ունեցել է մոտ 40 մ երկարություն ու 15 մ լայնություն։

Հովհաննես Ավետիսյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Ձնահոսքի լուրը ստանալուց հետո համապատասխան բաժնի աշխատակիցները, մարզպետի կարգադրությամբ, անմիջապես ժամանել են դեպքի վայր։ Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհը սպասարկող կազմակերպության մաքրման տեխնիկան: Օգնության խնդրանքով դիմել ենք մոտակա բնակավայրերի համայնքապետարաններ։ Օգնության ձեռք են մեկնել նաև Գյումրու մեր գործընկերները։

Արտակ Պողոսյան - Ինչպես մենք տեսնում ենք՝ այս լանջը, որտեղ տեղի ունեցավ ձնահոսքը, ունի մոտ 45 աստիճանի անկյուն, և շատ ինտենսիվորեն պոկվել է ձյունը ու շարժվել առաջ։ Սա մարզում վերջին 10, գուցե ավելի տարիների ընթացքում առաջին դեպքն էր՝ նման խոշոր մասշտաբների և խոշոր չափերի։ Նման դեպքեր մեզ մոտ չեն գրանցվել։

Առատ ձյան հետևանքով առաջիկայում կանխատեսվում է նաև գետերի վարարում: Բնակիչներին ավելորդ անհանգստություն չպատճառելու և հետագա խնդիրներից խուսափելու համար Լոռու մարզպետարանն ուշադրության կենտրոնում է պահում խնդիրն ու համակարգում կատարվելիք աշխատանքները։ Համապատասխան գրություններ են ուղարկել համայնքներ՝ սելավատարների, գետերի հուների մաքրում կազմակերպելու համար:

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում