Հայաստանում որևէ դեղամիջոցի դեֆիցիտ չկա

ԼԼիլիթ Ասատրյան

Ռուսաստանից և Ուկրաինայից դեղ ներկրող տնտեսվարողները թեև որոշ խնդիրների առաջ են կանգնել, մեր երկրում այս պահին որևէ դեղամիջոցի դեֆիցիտ չկա՝ արձանագրում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու հավելում՝ ներմուծման հետ կապված իրավիճակին հետևում են, անհրաժեշտության դեպքում կոնկրետ քայլեր կձեռնարկեն:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Այս պահին որոշ ներմուծողներ իրենց ներկրման ուղղությունների փոփոխություններն իրականացնում են: Դա կապված է ինչպես լոգիստիկ շղթաների ուղղությունների փոփոխությունների հետ, այնպես էլ, իհարկե, և՛ Ռուսաստանում, և՛ Ուկրաինայում տեղի ունեցող այս իրավիճակներով:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պակաս նույնպես չկա: Դրանցից օգտվում են անգամ տարբեր երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները:

Անահիտ Ավանեսյան - Ապահովված ենք բոլոր տիպի պատվաստանյութերով, և, այո, նաև օտարերկրյա քաղաքացիները կարող են պատվաստվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր տեսակի պատվաստանյութերով:

Ավանեսյանն էպիդեմիոլոգիական վիճակն ընդհանուր առմամբ բավարար է գնահատում: Քովիդով վարակման դեպքերի նվազմանը զուգահեռ՝ նախարարությունում որոշ սահմանափակումներ մեղմացնելու նոր նախագիծ են մշակել: Այն շուտով կդրվի շրջանառության մեջ:

Անահիտ Ավանեսյան - Սահմանային անցման կետերում հնարավորություն տալ նաև արագ թեստավորմանը՝ ռապիդ թեստերի կիրառմանը, և, սահմանային անցման կետերում պատվաստում անցնելու պարագայում ևս չպահանջելու ՊՇՌ թեստի արդյունքները:

Ավանեսյանն Ազգային ժողովում էր Առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Հաշվեքննիչ պալատը թվային որոշ անհամապատասխանություններ էր արձանագրել Առողջապահական գերատեսչության 2021 թ. պետական բյուջեի ինն ամսվա կատարման հաշվետվության մեջ: Նախարարը հավաստիացրեց՝ խնդիրները հիմնականում տեխնիկական են, դրանց մի մասը շտկման փուլում է, մյուս թերություններն էլ կվերացվեն, երբ լինի բյուջեի ամբողջ տարվա կատարման հաշվեքննությունը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում