ԱԱրսեն Մկրտչյան

Քրիստիննե Գրիգորյանը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունները

Քրիստիննե Գրիգորյանը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ:

Պաշտպան Գրիգորյանը, ողջունելով նախարարին, շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով աշխատանքային քննարկման առաջարկին արձագանքելու համար:

Քրիստիննե Գրիգորյանը որպես նախաբան նշել է, որ ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվող բողոք-դիմումների զգալի մասը նաև օբյեկտիվ պատճառներով վերաբերելի է հենց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասություններին, միաժամանակ ընդգծելով, որ նման հանդիպումը կարևոր է նաև տարիներ շարունակ չլուծված բարդ խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացում նախարարության դիրքորոշումն ու դժվարություններն արձանագրելու համար:

Նախարար Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր իր առաջին հանդիպումն է Պաշտպանի հետ, և ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմի զեկույցները ոչ միայն կարևոր են նախարարության քաղաքականության մշակման համար, այլ նման ձևաչափով գործընկերային աշխատակարգի սահմանումը կարող է առավել արդյունավետ դարձնել արձանագրվող խնդիրների լուծումը, որոնց շահառուն ՀՀ քաղաքացիներն են: Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է որոշ հրատապ հարցերի վերաբերյալ նախարարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը։

Հանդիպման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները նախարարին և տեղակալին ներկայացրել են վեր հանված ոլորտային խնդիրները։ Պաշտպանի կողմից առանձնացվել են երեք առաջնահերթ թեմաներ: Մասնավորապես քննարկվել են՝

  • շուրջ 15 տարի ձգվող «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուներ» հասարակական կազմակերպության անդամների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքի սահմանափակումների խնդիրը, որի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան.
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ կատարված այցի շրջանակում վեր հանված խնդիրները.
  • «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման չհայտարարված այցի շրջանակներում 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի ուսումնասիրման ընթացքում կրկին վեր հանված խնդիրները:  

Նախանշված ուղղություններով ՄԻՊ աշխատակազմի և նախարարության աշխատակիցների ներգրավմամբ համատեղ աշխատանքային խմբեր ձևավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզային սոցիալական ծառայությունների գործունեությանը, հաշմանդամության կարգի սահմանման փորձաքննությունների իրականացմանը, ինչպես նաև անօթևան մնացած մարդկանց արագ և պատշաճ արձագանքման խնդիրների մասով կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ գտնելուն միտված հարցեր:

Ամփոփելով աշխատանքային հանդիպումը՝ կողմերը նախանշած առաջնահերթություններով համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամություն են հայտնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում