Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը:
«Հայաստանը ներմուծման և արտահանման ժամանակ տարիներով բախվում է այն խնդրին, որ Վերին Լարսը փակ է, մեքենաների կուտակումներ կան. դա այսօր՝ այս իրավիճակում, երբ պարենային անվտանգությունը դառնում է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր երկրի համար, կարիք ունի ֆունդամենտալ լուծման, և այդ լուծման համար մենք առաջարկում ենք սուբսիդավորել Փոթի-Կավկազ նավահանգիստով լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը շաբաթական 2 անգամ չվացուցակով, որպեսզի կարողնանք ժամանակի ընթացքում մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորտային ձևի, որը թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի պարենային անվտանգությունը և լոգիստիկ հասանելիությունը, արդյունաբերության մրցունակությունը»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:










