Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է բիզնեսի հետ, գույքագրում արտահանմանն առնչվող բոլոր խնդիրները

ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանից մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում նախատեսվում է հանել մաքսատուրք վճարելու պահանջը: Պետական տուրքի մասին օրենքում փոփոխության նախագիծը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ: Կառավարության հեղինակած օրինագիծը ներկայացնելիս Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծեց՝ մաքսատուրքի վճարման պահանջը հանելով, պետական բյուջեի եկամուտները թեև կնվազեն մոտ 100 մլն դրամով, սակայն համամասնությունը կվերականգնվի արտահանման ծավալների աճով:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Կարծում ենք՝ կհանգեցնի մատակարարների քանակի և, իհարկե, առևտրի ավելացմանը:

Օրենքում կարգավորում իրականացնելու գաղափարը խելացի դրամանապանակներ արտադրող և արտահանող ընկերությանն է: Նախարարության և բիզնես ոլորտի քննարկման արդյունքում պարզվել է՝ խնդիրը լայն է, որ դրան առնչվում են փոքր ու միջին բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները:

Վահան Քերոբյան - Ցանկացած փոքր ու միջին բիզնես, որ Ինստագրամով կամ էլեկտրոնային կոմերցիայի այլ հարթակներով, ապրանք է վաճառում Հայաստանից դուրս, բախվում է խնդրի, որ մաքսավճարը շատ ժամանակ գերազանցում է ապրանքի իսկական արժեքը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Կառավարությունն ուշադրության կենտրոնում պահում խոշոր արտահանողների դժվարությունները՝ հատկապես հաշվի առնելով ռուսական ռուբլու անկման հանգամանքը:

Թադևոս Ավետիսյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Դեպի Ռուսաստան, առնվազն, և ԵԱՏՄ արտահանումն այսօր բարձր ռիսկերի մեջ է: Առնվազն նկատի ունենալով, որ մենք ունենք, արժութային ռիսկերով պայմանավորված, Հայաստանից արտահանման ապախթանում:

Վահան Քերոբյանը հայտնեց՝ առաջին օրվանից աշխատում են բիզնեսի հետ, գույքագրում արտահանմանն առնչվող բոլոր խնդիրները:

Վահան Քերոբյան - Այսօր արտահանողների մեծ մասը մեծ ռիսկ է տեսնում ռուսական ռուբլով արտահանում իրականացնելու մեջ և այսօր մենք՝ Հայաստանի կենտրոնական բանկը, Ռուսաստանի մեր գործընկեր նախարարությունը և Կենտրոնական բանկը իրար հետ աշխատում են, որպեսզի կարողանանք ռուբլի-դրամ սվոփ կնքել, որի արդյունքում Հայաստանի արտահանողները կկարողանան հայկական դրամով գնանշել իրենց ապրանքը ռուս գործընկերների մոտ և ապրանքը վաճառել դրամով, որը մեզ համար շատ ավելի հասկանալի արժույթ է՝ մեր երկրի արժույթն է: Եվ դրանով կկարողանանք նվազեցնել ռիսկերը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ

Խորհրդարանն օրվա ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև պետական դրոշի գործածման տարածքներն ընդլայնող փաթեթը: Հայաստանի խորհրդանիշ եռագույնն այսուհետև կբարձրացվի նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա: Հանրապետության և Անկախության տոներին, Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն էլ՝ պետական դրոշը կծածանվի հրապարակների, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում՝ որոշ բնակելի շենքերի վրա: Դրանց ցանկը կսահմանի համայնքի ղեկավարը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում