Հեղուկ գազի 20 կիլոգրամանոց բալոնը՝ պայթյունի պատճառ: Սա ԱԻՆ-ի նախնական եզրակացությունն է: Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում առավոտյան պայթել է սեփական տանը կից կցակառույց:
Վնասվել են նաև հիմնական տան սենյակները, կոտրվել ապակիները: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից Երևանում այս կցակառույցը վարձակալած 19-ամյա Արամ Հովնիկյանը մահացել է:
Ռուբեն Հակոբյան («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ) - Փլուզումը, տեսնում եք, հիմնականում կատարվել է կցակառույցի հատվածում: Էնտեղ նույնիսկ կալոնկեն է շպրտել պատից, բալոնի նկարները կան, արտահոսքը բալոնից է եղել: Թե հիմա բալոնից է թե միացությունից՝ դա էս պահին հստակ ասել հնարավոր չէ:
Նախնական վարկածով՝ հեղուկ գազի բալոնով ջրատաքացուցիչ են միացրել: 19-ամյա տղան կցակառույցում բնակվում էր եղբոր հետ, որը պայթյունի ժամանակ տանը չի եղել: «Գազի բալոնը նա չի տեղադրել»,- վստահեցնում է պայթյունի հետևանքով մահացածի զարմիկը:
Կարեն Հովնիկյան (Արամ Հովնիկյանի բարեկամը) - Իրենք եկել, բնակվել են, ոչ մի բան չեն սարքել: Երեկ երեկոյան խոսեցինք հետը, տրամադրությունը՝ լավ, ամեն ինչ՝ կարգին: Պայմանավորվեցինք, որ պետք է գա ծնունդիս: Սովորում էր Պոլիտեխնիկում, առաջին կուրս: Նաև աշխատում էր:
Տան սեփականատերն այդպես էլ չհայտնվեց: Դեպքի վայրում աշխատել է հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական խումբ:
«Գազպրոմ Արմենիայից» նշեցին՝ հեղուկ գազի բալոնների տեղադրումն ու դրանց անվտանգությունն ընկերությունը չի կանոնակարգում. տեսչական մարմիններն են զբաղվում դրանցով։
Ռուբեն Հակոբյան - «Բալոնի ներքևի հատվածում բավական բարձրությամբ սպիտակած հետքը երևում էր. իսկ հեղուկ գազն իրենից ներկայացնում է օդից ծանր քիմիական նյութ, որը նստում է գետնին: Ինքը գազի բալոնով ջրատաքացուցիչ է աշխատեցրել, որից, ըստ ամենայնի, արտահոսք է եղել, որի հետևանքն էլ տեսնում եք:
Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյունը, և ով կկրի պատասխանատվություն՝ ցույց կտա քննությունը:
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:













