ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել է «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում» ծրագիրը

Քննարկվել է «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում» ծրագիրը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեյի ղեկավարած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի շրջանակ։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրին, որի մեկնարկային աշխատաժողովը նախատեսված է 2022 թվականի ապրիլի 4-ին։

Ծրագիրն ուղղված է մոտ 5,700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով անտառների կայուն կառավարում առնվազն 135,800 հեկտար անտառների դեպքում և ածխածնի կլանման կարողության ավելացում առնվազն 18.8 մետրական տոննա ածխածնի չափով (20 տարի) և արտանետումների պակասեցում 200,000 տոննա ածխածնի չափով (20 տարի)։

Թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում Լոռու մարզը և հարավում Սյունիքի մարզը՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։

Ագրոանտառաբուծության ոլորտներում ներդրումների և կարողությունների զարգացման միջոցով ծրագիրը ջանքեր կգործադրի անտառային տարածքների ընդլայնման և ածխածնի քանակների նվազեցման ուղղությամբ՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը, նպաստելով անտառվերականգնմանը և անտառապատմանը, և, վերջապես, ներդնելով անտառների կայուն և կլիմային հարմարված կառավարման գործելակերպեր:

Նախարար Հակոբ Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարևոր են շրջակա միջավայրի զարգացմանն ու կայուն կառավարմանն ուղղված համագործակցության ծրագրերը։

Նախարարը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերի ներդաշնակեցումն ու միասնական օրակարգով առաջմղումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր։

Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը՝ առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման միջոցով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում