ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են անտառկառավարման ոլորտում առկա մարտահրավերները

Քննարկվել են անտառկառավարման ոլորտում առկա մարտահրավերները

Անտառագետի օրվան ընդառաջ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է անցկացրել անտառագետների հետ՝ քննարկելու առկա խնդիրները, ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերն ու դրանց համատեղ կյանքի կոչման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և նախարարության մասնագիտական ստորաբաժանման ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին, նախարարի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ոլորտի նվիրյալ մասնագետներին իրենց ամենօրյա աշխատանքի համար և մեկ անգամ ևս կարևորել նրանց դերն ու մասնակցությունն անտառների կառավարման, անտառտնկման, անտառային մշակույթների նախագծման, ձևավորման և «10մլն» համազգային ծառատունկի կյանքի կոչման աշխատանքներում։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ոլորտի մասնագիտական գիտելիքները դաշտային աշխատանքներում կիրառելու հնարավորությանը և այդ առումով շեշտել հատկապես երկարարմյա մասնագիտական փորձ ունեցող մասնագետների դերը։

«Անտառկառավարման ոլորտում խնդիրները բազմաթիվ են ու բազմաշերտ, և եթե մենք ուզում ենք բարձրակարգ մասնագետները ներգրավված լինեն դրանց լուծման գործընթացներում,անհրաժեշտ է առավել համակարգված կազմակերպել պետական գերատեսչություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր հատված համագործակցությունը»,- նշել է նախարարի տեղակալը։

Հանդիպմանը մասնագիտական քննարկում է ծավալվել անտառկառավարման ոլորտում առկա մարտահրավերների շուրջ, մասնագետների կողմից ներկայացվել են դրանց դիմակալելու եղանակներ և քննարկվել են լուծումների ճանապարհային քարտեզներ։

Հանդիպման ավարտին Արամ Մեյմարյանը կրկին շնորհակալություն է հայտնել մասնագետներին:

«Կարևորելով անտառագետների դերը պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ, շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ և այսուհետ անտառի համաշխարհային օրը՝ մարտի 21-ը Հայաստանում կնշվի նաև որպես անտառագետի օր։ Սա ևս մեկ առիթ է մեր երախտագիտությունն հայտնել այն մարդկանց, ովքեր նվիրված են իրենց կոչմանը, առաքելությանը և մեր չքնաղ հայրենի բնությանը»,-նշել է նախարարի տեղակալը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում