Ադրբեջանի առաջարկած 5 կետերին ՀՀ պատասխանի ենթատեքստը

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար Երևանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Հելսինկիի եզրափակիչ ակտը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Հայաստանը այս պատասխանով ցույց է տալիս, որ Ադրբեջանի առաջարկով չէ, որ բանակցությունների կողմ է, վաղուց է Մինսկի խմբի ձևաչափով պատրաստ է բանակցության:

Մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5-կետանոց առաջարկների փաթեթ է ներկայացրել Երևանին և հիմա սպասում է պատասխանի: Դրանք բացահայտելով` Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար առաջարկում են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում ու նաև հաստատում, որ երկու երկրները փոխադարձաբար տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ և չեն ունենա նաև ապագայում:

Ադրբեջանի 5 կետերը մեկ նպատակ ունեն` այն, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս: Իհարկե սա, առնվազն, թյուրըմբռնում է Ադրբեջանի կողմից: Հայաստանը, իր պատասխանում հղում անելով միջազգային իրավակարգավորումներին, վերահաստատել է, որ չի պատրաստվում անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը:

1975 թ. Հելսինկիի եզրափակիչ ակտը սահմանում է միջազգային հարաբերությունների սկզբունքները, որը ինքնորոշման իրավունքն է: Սա նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց պետք է քննարկվի Արցախի ինքնորոշման իրավունքը:

Այսինքն` ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը պետք է դիտարկել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցից առանձին:

Հաջորդ կետերով Բաքուն առաջարկում է սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտային և այլ հաղորդակցությունների բացում: Առաջարկներ, որոնց շուրջ պրոցեսները վաղուց մեկնարկած են: Հայաստանը կողմ է ինչպես սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկին, այնպես էլ՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ինչի մասին կառավարությունը բազմիցս հայտարարել է։

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` իր պատասխանով Հայաստանը ցույց է տալիս, որ չի մերժում Ադրբեջանի առաջարկները, պարզապես դրանց շուրջ հետագա բանակցությունները պատկերացնում է Մինսկի խմբի ձևաչափում՝ համանախագահող Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ։ Փորձագետը, սակայն, կարծում է, որ Երևանի պատասխանը Բաքուն փորձելու է ներկայացնել որպես առաջարկի մերժում:

Հայաստանը նախատեսում է կարգավորման գործընթացը տեղափոխել միջազգային հարթակ, իսկ Ադրբեջանին դա ձեռնտու չէ, ու այդ համատեքստում Բաքվի հետ բանակցությունների վերսկսման հավանականությունը փորձագետը ցածր է գնահատում՝ հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը: Շեշտում է՝ վերջին օրերին ադրբեջանական կողմի ակտիվացումը Արցախում ևս կապված է աշխարհաքաղաքական առկա իրավիճակի հետ:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում