Ոչխարների հոտն անցնում է Շանզ Էլիզե պողոտայով. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ԻՏԱԼԻԱ

ԿԻՆ ԱՌԱՔԻՉՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ալեսիա Բալտասարին իր կարմիր էլեկտրական հեծանիվով ժպտալով անցնում է Կոլիզեյի կողքով, երբ սննդամթերք է տանում իր հաճախորդներից մեկին:

20-ամյա աղջիկը մեկն է այն 15 կանանցից, որոնք Հռոմում աշխատում են առաքման մի ծառայությունում, որտեղ աշխատանքի են ընդունում միայն իգական սեռի ներկայացուցիչների: Այն գործարկվել է կանանց աշխատանքի ավելի շատ հնարավորություններ տալու նպատակով: Բացի այդ, բացառապես կին գործընկերներ ունենալն այս կանանց պաշտպանվածության լրացուցիչ զգացողություն է հաղորդում:

Ալեսիա Բալտասարի (առաքիչ) - Իրականում ինձ ավելի հարմարավետ եմ զգում միայն կանանց հետ աշխատելիս: Ես մի փոքր անինքնավստահ մարդ եմ, ուստի ինձ ավելի հարմար է կանանց, այլ ոչ թե տղամարդկանց հետ աշխատել:

Takeve-ը (այսինքն` վերցնել ամեն ինչ) միայն կանանց առաքման հավելված է, կայքը գործարկվել է անցյալ տարվա հոկտեմբերին: Առաքումների համար նրանք օգտագործում են միայն էլեկտրական հեծանիվներ:

Յուրաքանչյուր հեծանվորդի տրվում է անհատական ​​ազդանշանային համակարգ, որն ուղարկում է բարձր ազդանշան, եթե կին աշխատակիցները վտանգավոր կամ անհարմար իրավիճակում են հայտնվում: Նպատակն այն է, որ նրանք հնարավորինս ապահով զգան, հատկապես մութն ընկնելուց հետո:

Իտալիայում առաքիչների միայն 5%-ն են կանայք, ուստի Takeve-ի նպատակն է կանանց ներգրավել տղամարդկանց կողմից գերիշխող այս ոլորտում և մի փոքր նպաստել գործազրկության խնդրի վերացմանը:

ՖՐԱՆՍԻԱ

ՈՉԽԱՐՆԵՐԻ ՀՈՏՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՇԱՆԶ ԷԼԻԶԵ ՊՈՂՈՏԱՅՈՎ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվել է գյուղատնտեսության միջազգային տոնավաճառ: Միջոցառման ավարտը նշանավորելու նպատակով 2022 ոչխար է անցել հայտնի Շանզ Էլիզե պողոտայով:

Ոչխարների հոտն առաջնորդել են հովիվներն ու 350 արտիստ: Ելիսեյան դաշտերում կարելի էր հանդիպել նաև կովերի ու ավանակների: Ավանդական պարեր են պարել, մի խումբ փարիզեցիներ էլ հավաքվել են միջոցառումը դիտելու:

Լյուկ Մարտին (անասնապահ) - Մենք կփորձենք ուրախացնել փարիզեցիներին մեր շքերթով, որպեսզի նրանք մոտիկից տեսնեն, թե ինչ է կատարվում այստեղից 700-800 կիլոմետր հեռավորությամբ:

Պիրենեյան տարածաշրջանում ամեն տարի կենդանիներին են տեղափոխում: Այս մեկ կիլոմետր ձգվող շքերթով նաև ցանկացել են Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներին մոտիկից պատկերավոր ցույց տալ, թե դա ինչպես է տեղի ունենում, ինչպես են խոշոր և մանր եղջերավոր կենդանիներն իրենց ձմեռային կացարաններից տեղափոխվում ամառային արոտավայրեր:

ԵԳԻՊՏՈՍ

ԳՆԱՑՔ ՔԱՇՈՂ ՏՂԱՄԱՐԴԸ

Եգիպտոսցի տղամարդը հավակնում է հայտնվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Նա Կահիրեի բանուկ կայարանում քաշել է 180 տոննա կշռող գնացքը:

Տասնյակ հանդիսականներ են հավաքվել Աշրաֆ Կաբոնգայի շուրջը, երբ նա իր մարմնին կապված պարանով ռելսերի վրայով մի քանի դյույմ առաջ է քաշել հսկա գնացքը:

Հավաքվածները գոռում-գոչյուններով ու ծափերով քաջալերել ու ողջունել են ուժեղ տղամարդուն:

Աշրաֆն ըմբիշ է և ֆիթնեսի մեծ սիրահար: Նա վստահեցրել է, որ առաջիկա ամիսներին ավելի ջանասիրաբար կմարզվի, որպեսզի կարողանա շատ ավելի ծանր գնացք քաշել` հույս ունենալով գերազանցել համաշխարհային նախկին ռեկորդները:

Աշրաֆ Կաբոնգա (ըմբիշ)  - Այսօր ես ինքս ինձ մարտահրավեր եմ նետում, որ երկու ամսվա ընթացքում նորից կփորձեմ և կկապվեմ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք ներկա լինեն և ինձ ասեն, թե որքան պետք է լինի գնացքի քաշը, որպեսզի կարողանամ ռեկորդ սահմանել:

ԱՄՆ

ԿԱՆԱՆՑ՝ ԻՐԱԿԱՆ ՉԱՓՍԵՐԻ ԱՐՁԱՆՆԵՐ

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Վաշինգտոնում հարյուրից ավելի կանանց` իրական չափսերի նարնջագույն արձաններ են տեղադրել:

Ցուցադրության նպատակն է ապագա սերնդի կանանց և աղջիկներին քաջալերել, որպեսզի զբաղվեն STEM-ով, այսինքն` գիտությամբ, տեխնոլոգիայով, ինժեներությամբ և մաթեմատիկայով: Նախաձեռնության կազմակերպիչների կարգախոսն է. «Եթե աղջիկը տեսնում է այն, ապա ինքն էլ կարող է դառնալ այդպիսին»: Նրանց համոզմամբ՝ փոքրիկ աղջիկները կարող են տեսնել այս կանանց արձանները, որոնք զբաղվել են STEM-ով, և իրենք էլ որոշեն` երբ մեծանան նույնպես դառնան նրանցից մեկը, որպեսզի իրենց արձաններն էլ դրվեն:

Արձանների գույնը նույնպես հատուկ է ընտրված` վառ նարնջագույն, որպեսզի ավելի տպավորիչ լինեն: Այս 120 կանայք իրենց դրական դերակատարումն են ունեցել «աշխարհը դեպի ավելի լավը դարձնելու» գործում:

Ջոյոնա Գեմբլ-Ջորջ (Վանդերբիլտի համալսարանի նյարդաբան բժիշկ) - Երբեք մտքովս չէր անցնի, որ իմ արձանը կունենամ: Հիանալի է, որ կարող եմ լինել «Եթե/ապա» նախաձեռնության մի մասը:

Այս կանանց շարքերում կա միջուկային ինժեներ` դոկտոր Սիարա Սիլվեսը, որն անչափ երջանիկ է, որ իրեն ընտրել են, քանի որ իր օրինակով կարող է ցույց տալ, որ սևամորթ կանայք նույնպես կարող են հաջողակ-նշանավոր գիտնական դառնալ: Կանանց արձանների ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 27-ը:

ԹՈՒՆԻՍ

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Թունիսի բնակչուհի Չայմա Գադուրին մի ժամանակ շատ ուժեղ ծաղրում էին այն բանի համար, որ ձեռքի ու ոտքի չորս մատներով է ծնվել: Ընդ որում, մատներն էլ մեկը մյուսին կպած են:

Ութ տարեկանում Չայման սովորել է նվագել այն միակ երաժշտական գործիքը, որն առավել համապատասխանում էր իր բնական յուրահատկությանը: Այդ ժամանակ նրա մտքով անգամ չէր անցնում, որ 20 տարի անց դա իր կյանքի իմաստը կդառնար:

«Բիո-արթ» կենտրոնի սեփականատեր Չայման իր սաներին սովորեցնում է երգել, պարել ու երաժշտական գործիք նվագել: Նրա աշակերտները հաշմանդամություն ունեցող երեխաներ են: 28-ամյա Չայման քանոն է նվագում և բալետ պարում: Սակայն իր ամենակարևոր առաքելությունը համարում է այն, որ արվեստի միջոցով օգնում է երեխաներին ինքնավստահություն ձեռք բերել:

Չայմա Գադուրի (երաժիշտ, պարուհի) - Ոտքերիս մատների վրա բալետ պարելը շատ ավելի բարդ էր, քան ձեռքի մատներով քանոն նվագելը: Ոտքերիս մատները վիրահատել եմ, որ կարողանամ պարել: Շատ բան եմ զոհաբերել դրա համար: Բայց քանի որ շատ էի սիրում բալետը, ինձ ոչինչ չկանգնեցրեց, և ես սովորեցի:

Չայման այս կենտրոնը վեց տարի առաջ է հիմնել: Ասում է, որ դա իր «ամենամեծ երազանքն» էր: Հույս ունի, որ այստեղ երեխաներն իր նման կսովորեն, որ չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին՝ հարկավոր է առաջ գնալ ու հասնել երազանքին:

ԹՈՒՆԻՍ

ԱՐԵՎԻՑ ՍՆՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ

Թունիսցի ինժեներ Բուբակեր Սիալան ստեղծել է եռանիվ էլեկտրական մեքենա, որն աշխատում է արևի էներգիայով: Նա հույս ունի, որ իր մեքենան զանգվածային արտադրության կհանվի: Այն կարող է, այսպես կոչված, «կանաչ այլընտրանքային տրանսպորտ» դառնալ Թունիսի բնակիչների համար:

Թունիս-գերմանական ստարտափի հիմնադիրն ու գործադիր տնօրենն այս մեքենայի նախատիպը նախագծել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ և արտադրել է մոդելը, որը նախատեսված է առաքման ծառայությունների և քաղաքային տրանսպորտի համար:

Մեքենան ամբողջությամբ կառուցել են թունիսցի ինժեներները: Շարժիչը նախատեսված է տարեկան մոտ 17 500 կմ վազքի համար: Օգտագործում է բացառապես արևի էներգիան:

Բուբակեր Սիալա (արեվի էներգիայով աշխատող մեքենայի հեղինակ) - Մենք տեղյակ ենք վառելանյութերի գներին և դրանց հետ կապված խնդիրներին, ուստի այս մեքենան, որն աշխատում է մաքուր էներգիայով, կարող է վառելիքով աշխատող մեքենայի հետ համեմատած 10 անգամ նվազեցնել շահագործման արժեքը: Մենք՝ երկրագնդի բնակիչներս, հոգնել ենք մեքենաներից արտանետվող գազերից, ուստի այս մեքենան հնարավորություն է տալիս ապրելու մաքուր և առողջ միջավայրում՝ օգտագործելով կայուն և վերականգնվող արևի էներգիան:

Մինչև 2023 թվականի վերջ Սիալան և իր թիմը կավարտեն քառանիվ ավտոմեքենայի արտադրությունը: Այն նախատեսված է հանրային օգտագործման համար և ունի նույն բնութագրերը:

ՀՆԴԿԱՍՏԱՆ

ՀՆԴԻԿ ՖԵՐՄԵՐԻ ՀՈՐԻՆԱԾ ԾԱՌ ՄԱԳԼՑՈՂ «ՍԿՈՒՏԵՐԸ»

Հնդկաստանի ծովափնյա Մանգալուրու քաղաքում ապրող Գանապաթի Բհաթը կապում է ամրագոտիները՝ ծառը բարձրանալու և ընկույզ հավաքելու համար: 20 մետր բարձրությամբ ծառը տղամարդը բարձրանում է ընդամենը 5 վայրկյանում: Նա սովորական մարդ է, պարզապես դիմում է իր ինքնաշեն սարքի օգնությանը, որին «ծառի սկուտեր» է անվանում:

Նա իր գյուտի համար օգտագործել է սովորական բենզասղոցի շարժիչ, նստատեղ է պատրաստել, անիվներ ամրացրել և վերջ՝ ծառը բարձրանալու համար նախատեսված սարքը պատրաստ է:

50-ամյա ֆերմերը պատմում է, որ իր գյուտի ուղղությամբ սկսել է աշխատել 2014 թվականին: Խոստովանում է, որ մեծացել է և դժվարությամբ է ծառը բարձրանում, իսկ էժան աշխատուժ գտնել չի կարողացել, ուստի ստիպված նման սարք է հորինել, որպեսզի կարողանա հեշտությամբ ծառը բարձրանալ և բերքը հավաքել:

Գանապաթի Բհաթ (ֆերմեր) - Գյուղացիները կարծում էին, թե ես խելագարվել եմ, կասկածներ ունեին իմ գյուտի վերաբերյալ, կարծում էին, որ անձրևների ժամանակ այն չի աշխատի, քանի որ ծառերը լպրծուն են դառնում, և հնարավոր է սայթաքել:

Համարձակ գյուտարարն ասում է, որ մինչև այժմ վաճառել է ավելի քան 300 «ծառի սկուտեր», որոնցից յուրաքանչյուրն արժի 62 000 հնդկական ռուփի, այսինքն՝ մոտ 820 դոլար:

Այս «ծառի սկուտերի» օգնությամբ կարելի է օրական 300 ծառից ընկուզ հավաքել, մինչդեռ ավանդական մագլցելու տարբերակով ծառից հնարավոր է եռակի քիչ բերք հավաքել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում