Ադրբեջանը կրկին թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի խաղաղ բնակավայրերը: Խնապատ համայնքի ուղղությամբ առավոտյան արձակվել է 2 ական: Դրանք, ամենայն հավանականությամբ, ընկել են համայնքապատկան դաշտերում:

Սամվել Շահրամանյան (Արցախի Խնապատ համայնքի ղեկավար) - Պայթյունները լսվել են երկու հատ` մեկ րոպեի տարբերությամբ: Ենթադրում ենք, որ ականանետ է, ուղղակի տրամաչափը չենք կարող ասել, քանի որ թանձր մառախուղ է եղել, պայթյունի տեղը չենք հայտնաբերել:

Ադրբեջանական կողմը սադրանքները շարունակել է նաև Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ: Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ հակառակորդը գիշերն ու առավոտյան կրակել է հրազենով, այնուհետև միացրել ձայնագրությունը, որով խաղաղ բնակչությանը սպառնում է ուժ կիրառել, եթե չլքեն իրենց բնակավայրը:

Արմինե Բադալյան (Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչ) - Կրակոցները միշտ են լինում, բայց կոնկրետ այս գիշեր ավելի շատ են եղել. 00:30-ին, 00:45-ին որ սկսել են, ահագին ժամանակ տևել է:

Ելիզավետա Գասպարյան (Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչ) - Ուզում եմ մնալ, որտե՞ղ գնամ ես: Ամեն ինչս թողել եմ Վերին Թաղավարդում, գոնե այս մի կտոր հողը մնա, մենք այստեղ աշխատենք, երկարօրյայում ենք աշխատում, մեր դպրոցի երեխաները դպրոց գան:

Խաղաղ բնակավայրերի թիրախավորումը շարունակվել է նաև օրվա երկրորդ կեսին: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ժամը 16:20-ին 3 ական է արձակվել Խնապատի, 2 ական՝ Փառուխի ուղղությամբ:

Սամվել Շահրամանյան - Դրանք հերթական սադրանքներն են Ադրբեջանի կողմից, խուճապ են ուզում առաջացնել ժողովրդի մոտ: Առանձին խուճապ չկա գյուղում, ժողովուրդն իր բնականոն կյանքով ապրում է, տուժածներ չկան:

«Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձարձակ պահվածքը»,- Ֆեյսբուքի իր էջում նշել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծել է, որ վերջին օրերին, օգտվելով առթից, որ աշխարհը և Ռուսաստանը զբաղված են Ուկրաինայով, Ադրբեջանը կտրուկ ավելացրել է Արցախի խաղաղ բնակչության դեմ սադրանքները և սպառնալիքները:

Բեգլարյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով շարունակում են բանակցությունները՝ խնդիրների խաղաղ կարգավորման համար: Միաժամանակ, նախազգուշական քայլեր են ձեռնարկում Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Ի դեպ, արդեն 4-րդ օրն է՝ Արցախում չի վերականգնվում նաև գազամատակարարումը, Ադրբեջանը խոչընդոտում է խողովակաշարի վերականգնման աշխատանքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում