Կեղծ լուրերը տարածվում են հատկապես արտակարգ իրավիճակներում. մեդիագրագիտությանը նվիրված համաժողով

ԼԼարա Մանուկյան

Ապատեղեկությունը կամ կեղծ լուրերի տարածումը այսօր առավել քան արդիական մարտահրավեր է: Ապատեղեկության դեմ պայքարին և մեդիագրագիտությանը վերաբերող համաժողովին բացման խոսքում ընդգծեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:

Վահե Գևորգյան (արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից շեշտակիորեն բարձրացնում է հասարակության և յուրաքանչյուր անհատի տեղեկացվածության հնարավորությունները, սակայն մյուս կողմից՝ այդ նույն հասարակությանը և անհատին դարձնում է խոցելի՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի առջև:

Ըստ նրա՝ թիրախում խոցելի խմբերն են, որոնք չունեն կեղծ լուրերը տարբերակելու կամ վերլուծելու բավարար գիտելիք:

Ֆորումի մասնակից, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ ընդգծեց՝ գրագետ և ազատ հասարակություն ունենալը հիմքը՝ կրթությունն է:

Արթուր Մարտիրոսյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այդ առումով, հատկապես վերջին տարիներին, արվում է աշխատանք, կա խնդրի հստակ գիտակցում, մեդիա- և տեղեկատվական գրագիտության բարձրացման խնդրի ձևակերպում թե՛ տարբեր ծրագրերում, և թե՛ այդ ուղղությամբ ուսումնական նյութեր են ստեղծվում:

Մեդիագրագիտության համաժողովին մասնակցում էր նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերի ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն, որն առաջին անգամ է Հայաստանում:

Թերեզա Ռիբեյրո (ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերի ներկայացուցիչ) - Ազատ և անկախ մեդիան ժողովրդավարության առանցքային հիմնասյուներից է, դրա առաջընթացի և զարգացման անհրաժեշտ պայմաններից մեկը և լավ կյանքի ապահովման նախապայմանը: ԵԱՀԿ տարածքում և ամբողջ աշխարհում լրագրողները ենթարկվում են կամայական հետապնդումների:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ ընդգծում է՝ Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը հոգեբանորեն ուղղակի ազդեցություն են թողնում մեր բնակչության վրա:

«Պարզապես չպետք է թողնել, որ ներքին դաշտում վակուում ձևավորվի, և այդ վակուումը չլրացվի ադրբեջանական կողմից եկող ապատեղեկատվությամբ: Մենք նման խնդիր ունեցանք հենց պատերազմի ընթացքում, երբ պետական մարմիններից մի պահ դադարեցվեց այդ օպերատիվ տեղեկատվության փոխանցումը, և մարդիկ ստիպված մտնում էին և ադրբեջանական կայքեր էին կարդում»,- նշում է նա:

Օմբուդսմենը որպես լուծում առաջարկում է, որ պետական մարմինները տան օպերատիվ և հավաստի տեղեկություն՝ հաշվի առնելով նաև ազգային անվտանգության կարևորությունը:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում