Լոռու մարզի Շնող, Քարկոփ, Թեղուտ բնակավայրերը գազիֆիկացվել են

ԳԳևորգ Թոսունյան

Տիկին Լարիսան Քարկոփ բնակավայրի առաջին բնակիչն է, որի տունն արդեն գազիֆիկացված է։

Լարիսա Ստեփանյան (Շնող համայնքի բնակիչ) - Վերջապես, գազը հասավ մեր Քարկոփ համայնք։ 30 տարի ավել ես էստեղ ապրում եմ, բայց առաջին անգամ, որ սենց ուրախ ենք։

Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայրերը սուբվենցիոն միջոցներով գազիֆիկացվել են։ Բնակիչների համար երկար սպասված կապույտ վառելիքն իրենց բնակարաններում տեսնելը տարիներ շարունակ անհասանելի երազանք է եղել․ բնակավայրերը գազիֆիկացված չեն եղել անգամ խորհրդային տարիներին։

Մարինե Ղումաշյան (Քարկոփի դպրոցի տնօրեն) - 21-րդ դարում ենք, և մեր համայնքը զրկված է բնական գազ ունենալու իրավունքից։

Անահիտ Ամիրջանյան (Թեղուտ համայնքի բնակիչ) - Ավելի շատ կուրախանանք, եթե բոլորիս տներում այս կապույտ վառելիքը սկսի գործել։

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 մլն դրամ, որից 142.8 միլիոնը պետական ներդրում է։

Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Համոզված եմ՝ մոտ ապագայում արդեն այդ ջերմությունը կփոխանցվի այլ բնակարաններին։

Ծրագրի արդյունքում Թեղուտ և Քարկոփ վարչական շրջանների շուրջ 300 և Շնող վարչական շրջանի 45 տնտեսություն գազիֆիկացման հնարավորություն ունեն:

Դավիթ Ղումաշյան (Շնողի համայնքապետ) - Մի ժամանակ, եթե տները տաքացնում էին զուտ փայտ օգտագործելով, հիմա հուսով եմ, որ արագ կկազմակերպեն իրենց կենցաղում կապույտ վառելիք ունենալու գործընթացը։

Վարդան Բաղդասարյան («Հայռուսգազարդ» ՓԲԸ Լոռի ԳԳՄ-ի տնօրեն) - Բնակիչը մեզ դիմում է գրելու։ Մենք օրենքի սահմաններում մարդու գազիֆիկացումը պետք է ապահովենք։

Մարզի ղեկավարի վստահեցմամբ՝ բնակավայրերի գազիֆիկացումը ոչ միայն հնարավորություն կտա բնակիչներին ավելի քաղաքակիրթ ձևով լուծելու իրենց կենցաղային խնդիրները, այլև զերծ կպահի տարածաշրջանը անտառահատումներից։

Արամ Խաչատրյան - Մարզը 95 տոկոսով գազիֆիկացված է։ Եվ, հուրախություն լոռեցիներիս, ամենագազիֆիկացված մարզն է Հայաստանում։

Մարզի ղեկավարը բնակիչներին խոստացավ, որ հնարավորությունների սահմաններում կաջակցեն բնակավայրերի կրթօջախները գազիֆիկացնելու և լոկալ ջեռուցման համակարգերով ապահովելու գործում։

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում