Մայրական և մանկական մահացության ցուցանիշը Հայաստանում բավականին ցածր է. նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Առողջապահության նախարարի հավաստմամբ՝ մայրական և մանկական մահացության ցուցանիշը Հայաստանում բավականին ցածր է:

Պաշտոնական տվյալներով՝ 2000թ-ին ծնունդներ-մայրական մահացություն հարաբերակցությունն ամենավատն է եղել: 35 142 ծնունդներից 25-ի դեպքում ծննդկանը մահացել է: Հետագա տարիներին ցուցանիշը տատանվել է, բայց միշտ էապես զիջել նշած պատկերին: 2001-20-ը ներառյալ մայրական մահացության տարեկան միջինը 9-ն է եղել: 2021 թվականին կորոնավիրուսը ավելացրել է նման դեպքերը: Անցյալ տարի մայրական մահացության 16 դեպք է գրանցվել, 9-ի պատճառը կորոնավիրուսն է եղել:

Խոսելով ծնունդներն ավելացնելու մասին՝ առողջապահության նախարարն առանձնացրեց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու պետական աջակցության ծրագիրը, որը գործում է 2020 թվականից և հասցրել է նաև ընդլայնվել:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Իհարկե, մենք, միանշանակ, այս ծրագրի ընդլայնման մասով շարունակելու ենք մեր քաղաքականությունը, բայց պիտի հասկանանք, որ ամենակարևոր հանձնառություններից մեկը երիտասարդների առողջության, առողջ ապրելակերպի, առողջ վերարտադրողական սովորույթների շատ կարևոր ուղղությունն է, և մենք պիտի անենք ամեն ինչ, որ մեր աղջիկները, մեր տղաները, հնարավորինս պահպանելով իրենց առողջությունը, կարիք չունենան վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու:

ԱՂԻ ՔԻՉ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԽԹԱՆԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ

Նախարարն աղի օգտագործումը սահմանափակող նախագծին էլ անդրադարձավ, երբ հանրային սննդի օբյեկտներում կթույլատրվի սեղանին աղաման դնել միայն՝ եթե հաճախորդը պահանջի: Ընդգծեց, թեև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական 4 գրամից ավելի աղ չօգտագործել, Հայաստանում օգտագործում ենք 8-10 գրամ: Դա հավելյալ ռիսկեր է ստեղծում առողջության համար: Ըստ Ավանեսյանի՝ աղի քիչ օգտագործումը խրախուսող նախագիծն առողջ ապրելակերպը խթանելու միջոց է:

Ավանեսյանը գոհունակություն հայտնեց, որ աղի հարցը հանրային մեծ հնչեղություն ստացավ և առիթ դարձավ, որ քաղաքացիների ուշադրությունը եւս մեկ անգամ գրավի առողջ ապրելակերպը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում