ԱԺ նախկին պատգամավոր, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել գույքը չհայտարարագրելու և հարկեր չվճարելու համար:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, գործարարը թաքցրել է հայտարարագրման ենթակա ավելի քան 350 մլն դրամի գույքը: Մանրամասնելով ձեռք բերված տվյալները, կոմիտեն նշում է, որ Արկադի Համբարձումյանը Իտալիայի և Իսպանիայի` կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել և 2017-2018 թվականներին Հայաստան է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ: Սակայն ըստ մեղադրանքի՝ առանձնապես խոշոր չափի հարկը և տուրքը չվճարելու նպատակով նախկին պատգամավորը օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր. կահույքի վերը նշված իրական արժեքի փոխարեն Համբարձումյանը հայտարարագրել է շուրջ 105 հազար եվրո: Արդյունքում՝ գործարարի կողմից չի վճարվել շուրջ 211 մլն դրամի հարկեր և տուրքեր: Բացի այդ՝ Համբարձումյանը հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող՝ 8 մլն դրամից ավելի արժեք ունեցող կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է ավելի քան 350 մլն դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը:
Համբարձումյանն այսօր արդեն իսկ վերականգնել է պետությանը պատճառված վնասից 200 միլիոն դրամը:
Գործով նախաքննությունը շարունակվում է:
Արկադի Համբարձումյանը, հիշեցնեմ, ԱԺ պատգամավոր է եղել 2003-ից 2019 թվականներին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան










