Առցանց գրաֆիկում անընդհատ աճող թվերը աշխարհի առաջատար երկրների պետական պարտքի ցուցանիշն են: Առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ ավելի քան 30 տրիլիոն դոլար, հաջորդում են Ճապոնիան և Չինաստանը: Հայաստանն այս ցուցակում ներկայացված չէ, բայց ֆինանսների նախարարության վերջին տվյալով՝ Հայաստանի պետական պարտքը ավելի քան 9 մլրդ 282 միլիոն դոլար է, որից մոտ 8 մլրդ 812 միլիոնը կառավարության պարտքն է:
Ընդհանուր պարտքից 6 մլրդ 185 մլն դոլարը արտաքին պարտքն է, 2 մլրդ 627 միլիոնը՝ ներքին, 470 մլն դոլարն էլ Կենտրոնական բանկի պարտքն է: Պարտքի կառուցվածքում աճել է ներքին պարտքի տեսակարար կշիռը՝ հասնելով ավելի քան 29 տոկոսի:
Ներքին պարտքի աճը դրական երևույթ է բոլոր առումներով, քանի որ դա առաջին հերթին մեծացնում է վստահությունը ազգային արժույթի նկատմամբ՝ ասում է ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:
Արշալույս Մարգարյան (ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության պետ) - Էապես կրճատվում են փոխարժեքի ռիսկերը պարտքի ամբողջ պորտֆելի համար, և էդ քաղաքականությունը շարունակվելու է: Մեր ռազմավարություններով էլ դա ամրագրված է:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ևս կարևոր է համարում ներքին ռեսուրսների հաշվին պետական պարտքի տեսակարար կշռի փոփոխությունը, քանի որ դա նաև օգնում է երկրում առկա ռեսուրսները ներսում պահել ու այդ գումարները տնտեսություն ներարկել:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Կա ներքին ազատ ռեսուրս, օրինակ՝ տնտեսության մեջ, և որպեսզի դրանք բանկերում ավանդի ձևով չձևավորվեն, պետությունն ասում է՝ ես մի քիչ ավելի բարձր տոկոսադրույքով քեզնից այդ գումարները կվերցնեմ, ոչ թե արտաքին աշխարհից:
Պետական պարտքի էական աճը վերջին 2 տարում հիմնականում կորոնավիրուսով է պայմանավորված: Պետական պարտքի բեռի մասին խոսելով՝ Արշալույս Մարգարյանը նշում է, որ անհանգստության կարիք չկա:
Արշալույս Մարգարյան - Էն, որ մեր պարտքը որոշակի տատանումներով հետագիծ ունի, ուղղակի աշխարհում առաջացած իրավիճակներից է բխում նաև, և չկա մի երկիր, որ պարտքը էս նույն վարքագիծը չունենա: Մեր համեմատությունները միշտ հօգուտ Հայաստանի Հանրապետության են լինում, այսինքն՝ և՛ ավելի դանդաղ է աճել մեր պարտքը, և՛ ավելի շատ ծրագրերի մեջ ա օգտագործվել:
Հայաստանի պետական պարտքի կառավարելիության մակարդակը կարելի է բարձր գնահատել, իսկ, ընդհանրապես, կառավարելիությունը պետական պարտքի կարևորագույն գործոնն է՝ ընդգծում է Վիլեն Խաչատրյանը:
Վիլեն Խաչատրյան - Թեկուզ մենք 60 տոկոսի սահմանագիծը որոշակի առումով գերազանցել ենք, բայց, այնուամենայնիվ, մենք սպասարկման խնդիրների դեռևս չենք բախվում:
Այս տարի պետական պարտքի ծավալը կավելանա մոտ 357 մլրդ դրամով: Կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցնել 60 տոկոսից, ինչն օրենքով է նախատեսված:
Արշալույս Մարգարյան - Էդ ծրագիրը 22-26 թվականների համար է, 5 տարվա ծրագիր է, բայց եթե ձևավորված միտումները շարունակվեն, ես կարծում եմ, որ նույնիսկ ավելի շուտ մենք կիջնենք 60 տոկոսից, ինչը թույլ կտա միքիչ ավելի ճկուն լինել ծախսերի պլանավորման հարցում:
Վիլեն Խաչատրյանը հավելում է՝ աշխարհում կան երկրներ, որոնց պետական պարտքը տրիլիոն դոլարների է հասնում և անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան













