«Լուսակերտ» ՍՊԸ-ն որոշել է դադարեցնել գործունեությունը ու մոտ 8000 հավ է նվիրել գյուղացիներին

ՄՄուշեղ Իսախանյան

Հավկիթի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտ» ընկերության դիմաց այսօր իրարանցում էր: Հարակից գյուղերից հարյուրավոր բնակիչներ եկել էին հավ ստանալու. յուրաքանչյուրին 10 հավ է հասնում: «Լուսակերտ» ընկերությունը որոշել է դադարեցնել գործունեությունը, բողոքի ակցիա իրականացնել, միաժամանակ օգնել գյուղացիներին: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ 8000 թռչուն են բաժանելու, մնացյալ մոտ 20 հազարը հետագայում կվաճառեն:

 

Դավիթ Ղազարյան ( «Լուսակերտ» ընկերության աշխատակից) - «Ֆաբրիկան փակվում ա այն պատճառով, որ ֆինանսական միջոցները չեն բավարարում նմանատիպ շուկայական պայմաններում կարողանալ շուկայում դեր ունենալ»:

 

Ընկերության համասեփականատերը Սոնա Մանուկյանն է, որը բիզնեսը ժառանգել է հորից՝ Հանրապետական, հետո «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների նախկին պատգամավոր, լուսահոգի Խաչիկ Մանուկյանից: Սոնա Մանուկյանի խոսքով` իրենց հետ ակցիա են անում նաև 80-ից ավելի աշխատակիցները, որոնք արդեն գործազուրկ են: Պնդում են՝ վերջին հարվածը եղավ մեկ ամիս առաջ, երբ շուկայում հայտնվեցին շատ էժան հավկիթներ:

 

Սոնա Մանուկյան («Լուսակերտ» ընկերության համասեփականատեր) - «Մենք մի քանի անգամ թեժ գծի միջոցով զանգահարեցինք ՏՄՊ, մեզ խոստացան, որ հետ կզանգեն, բայց այդպես էլ չզանգահարեցին - գրավո՞ր - չէ, գրավոր չենք դիմել, որովեհտև մենք տեղեկացանք, որ փոքր ու միջին արտադրողները արդեն գրավոր դիմումներ են գրել, Աշտարակ ձու ընկերությունը նույնպես գրավոր դիմում է ներկայացրել, բայց որևէ կերպ ընթացք չեն ստացել իրենց դիմումները:

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացրել են, որ դիմումներ են ստացել երկու ընկերությունից, դրանք ուսումնասիրում են, ինչից հետո օրենքով սահմանված ժամկետում հանձնաժողովը կներկայացնի՝ հայտնաբերել է խախտում, թե ոչ: Բայց ակցիայի մասնակիցների ձայնը լսելի էր դարձել Ազգային ժողովում: «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը թեմայի վերաբերյալ պարզաբանում պահանջեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից:

 

Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - «Ես ահազանգեր եմ ստացել այն մասին, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան արտաքուստ շատ լավ բան է արել և ձվի գինը իջեցրել է, ձուն վաճառվում է 30-35 դրամով: Արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները»:

 

Թովմասյանը հետաքրքրվում է` արդյոք սա արդար և ազատ մրցակցության դրսևորում է, երբ խոշոր ընկերության դեմպինգի հետևանքով փոքրերը փակման եզրին են կանգնում:

 

Գեղամ Գևորգյան (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ) - Տիկին Թովմասյան, մենք վաղուց այդ հարցերի հրապարակումները տվել ենք, Շիրակի թռչնաֆաբրիկան չունի անգամ 10 տոկոսի, մոտիկ էլ չի շեմը և չի կարա ինքը դեմպինգ իրականացնի, նաև ասել ենք, թե ինչի է ձվի շուկայում այդպես: 2 տարի առաջ ասել եմ, հիմա էլ եմ ասում, եթե շուկան ինքը չկայացավ, էս խնդիրը լինելու ա, ընդամենը շղթա ա գործում, մի սուպերմարկետում գինը իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս գինը չջեցնում են և սենց ա լինում: Չի կարա շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտը իրականացնի դեմպինգ:

 

«Լուսակերտ» ընկերությունը խնդրի լուծման սեփական տարբերակն է առաջարկում` փոփոխել օրենսդրությունը ու ստեղծել պետության կողմից վերահսկվող միասնական պահեստ, սահմանել սակագին ու հավկիթն ընդունել արտադրողներից, հետո մատակարարել խանութներին:

 

Սոնա Մանուկյան - «Ավելի լավ է մենք այս շուկայում հստակ քվոտավորենք արտադրողներին և ասենք, որ դու այսքան ձու պետք ա արտադրես, քան թե թողնենք, որ շուկայում տեղի ունենան այսքան լճացումներ, որ իրենց հետ բերում են տարատեսակ ռիսկեր և վտանգներ»:

 

Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ «Լուսակերտ» բրենդի ներքո ևս մեկ ընկերություն է աշխատում, ընդգծում են՝ փակվում է միայն «Լուսակերտ» ՍՊԸ-ն, «Լուսակերտ թռչնաբուծական ֆաբրիկան» շարունակելու է գործունեությունը:


 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում