Հնարավոր է եկամտահարկի վերադարձի արտոնություն նաև բնակելի տուն գնողներին

ԱԱրևիկ Աբելյան

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն առաջարկեց հարգանքի տուրք մատուցել 34 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին:

Հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ Սումգայիթում տեղի ունեցածն Ադրբեջանում հայատյացության մթնոլորտի ձևավորման առաջին քայլերից էր:

Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Այդ արարքը դեռևս, ցավոք, չի արժանացել միջազգային հանրության կոշտ դատապարտմանը, բայց, այդուհանդերձ, մեր հիշողությունը միշտ թարմ է, և սա այն իրադարձություններից է, երբ տարիների ազդեցության ներքո ցավը չի բթանում, և մենք շարունակում ենք ամենօրյա ռեժիմով հիշել այդ ողբերգության զոհերին:

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ

Վարդանյանի ելույթից հետո պատգամավորներն անցան օրակարգային հարցի քննարկմանը: «Քաղպայմանագրի» երեք պատգամավոր առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել քաղաքացիական օրենսգրքում: Բաբկեն Թունյանը հայտնեց՝ գործող կարգավորումը թույլ չի տալիս բնակելի տուն ձեռք բերող քաղաքացիներին օգտվել եկամտային հարկի վերադարձի մեխանիզմից: Դրանից օգտվելու հնարավորություն ունեն միայն բազմաբնակարան շենքերում անշարժ գույք գնողները:

Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Վերջին շրջանում բանկերն ու նոտարները պարզապես հրաժարվում են բնակելի տների դեպքում նման գործարքներ կատարել, հղում անելով օրենսդրությանը, որը նախատեսում է միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու գործարքները:

Ներկայացված փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել եկամտահարկի վերադարձի շահառուների շրջանակը: Թունյանի խոսքով՝ բարեփոխումը կխթանի հատկապես մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատումը:

Բաբկեն Թունյան - 2021 թ. տվյալներով՝ բազմաբնակարան շենքերի առուվաճառքի գործարքների մոտ 70%-ը բաժին է ընկնում Երևանին, 30%-ը՝ մարզերին: Բնակելի տների դեպքում մոտավորապես 25%-ը բաժին է ընկնում Երևանին, մնացածը՝ մարզերին:

Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահը հայտնեց՝ փաթեթի վերաբերյալ գործադիրի դիրքորոշումը դրական է:

Դավիթ Գրիգորյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Մի շարք կառուցապատողներ և քաղաքացիներ դիմել էին մեզ, որ հնարավորություն ընձեռենք իրենց՝ նաև ոչ բազմաբնակարան գույքը գնելուց մինչև կառուցված լինելը գույքի գրանցում իրականացնել, և այս իրավակարգավորումը, հույս ունենք, թույլ կտա նաև բնակելի տների համար այդ կարգավորումն անել, ինչը, կարծում ենք, մի շարք առավելություններ կբերի իր հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի ներկայացրած օրինագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում