ՏԱՑ-ը հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.4 տոկոսով

ԼԼիլիթ Ասատրյան

Տնտեսական տարին մեկնարկեց երկնիշ աճով: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.4 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 60.4 տոկոսով. այդ թվում՝ արտահանումն աճել է 53.2, իսկ ներմուծումը՝ 65 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16.6 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 21.2, առևտրի շրջանառությունը՝ 11.5, շինարարությունը՝ 3 տոկոսով: Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 19.2 տոկոսով: Սպառողական գնաճը 7.1 տոկոս է կազմել, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 9:

Չմոռանալով նախորդ տարեվերջից առկա տնտեսական նախադրյալները՝ տնտեսագետներն այս աճը առաջին հերթին պայմանավորում են այլ հանգամանքով:

Հայկ Բեջանյան (տնտեսագետ) - Սա, իհարկե, հիմնականում պայմանավորված է 2021 թվականի հունվարին եղած ցածր արդյունքներով: Եթե հիշում եք՝ 2021 թվականին ունեցել ենք 8.5 տոկոսանոց անկում, և այս անկումը իր բազային էֆեկտով ազդել է նաև 2022 թվականի ցուցանիշի վրա:

Բիզնեսի աջակցման մի շարք պետական ծրագրեր են իրականացվում, կորոնավիրուսի սահմանափակումներն են գրեթե վերացել, սրանք ևս տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդել են:

Սոս Խաչիկյան (տնտեսագետ) - Իսկապես բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել, հատկապես եթե դիտարկում ենք վերջին տարիների կտրվածքով՝ մեկ ամսվա, այն էլ՝ հունվար ամսվա կտրվածքով մենք այսպիսի ցուցանիշ համարյա չենք ունեցել: Եթե դիտարկենք կառուցվածքային առումով, այդ աճի մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ ունի առևտրաշրջանառությունը, այնուհետև՝ արդյունաբերությունը, ծառայությունները, դրանք բոլորն ունեն մեծ տեսակարար կշիռ:

Ըստ Հայկ Բեջանյանի՝ բարձր աճի տեմպը կպահպանվի նաև փետրվարին և մարտին, քանի որ նախորդ տարի այդ շրջանը դեռևս տնտեսական առումով թույլ էր:

Հայկ Բեջանյան - Եվ եթե հաշվի առնենք էն բոլոր սպառնալիքները, որ էսօր կուտակվում են համաշխարհային շուկայում, պետք ա գնահատենք, որ լավ ա, որ մենք տարին սկսել ենք բարձր ցուցանիշով, որովհետև տարվա ընթացիկ զարգացումների վրա բավականին լուրջ ռիսկեր են կուտակվել, որոնք կարող են ի հայտ գալ:

Տնտեսագետների գնահատմամբ` հունվարի տոնական օրերի կրճատումը ևս որոշ չափով նպաստել է տնտեսական ակտիվությանը: Սոս Խաչիկյանը նշում է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումների ֆոնին այսպիսի ցուցանիշը շատ կարևոր է:

Սոս Խաչիկյան - Այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 8 տոկոս: Դա, բնականաբար, ճնշում է տնտեսական ակտիվությունը, սակայն եթե այդ ակտիվության, այդ ճնշող գործոնի շնորհիվ տնտեսական աճը եղել է այդքան բարձր, ես ակնկալում եմ, որ հետագա ամիսների կտրվածքով, եթե նույնիսկ այսքան բարձր չլինի, ապա մենք կունենանք նկատելի տնտեսական ակտիվության աճ:

Կառավարությունն այս տարվա բյուջեով թիրախավորել է 7 տոկոս տնտեսական աճ, մասնագետների գնահատմամբ՝ եթե լրացուցիչ շոկեր չլինեն, ցուցանիշին հնարավոր է հասնել:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում