ԳԳոհար Սարգսյան

Թույլ տվեք շատ հստակ ասել, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել ԼՂ պատերազմի վերջնական արդյունքները. Մարինա Կալյուրանդը՝ «Եվրանեսթ» ԽՎ-ի քննարկմանը

Թույլ տվեք շատ հստակ ասել, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել ԼՂ պատերազմի վերջնական արդյունքները. Մարինա Կալյուրանդը՝ «Եվրանեսթ» ԽՎ-ի քննարկմանը

Երևանում այսօր մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները, որոնց մասնակցում են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ողջունել է վեհաժողովի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Օրակարգը հաստատելուց հետո «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկում:

Հարցի քննարկմանը ԵԽ անդամ Հելմուտ Կոյկինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նրա խոսքով` 2020 թվականի պատերազմը կտրուկ փոխել է իրավիճակը տարածաշրջանում: Նա տեղեկացրել է, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է նաև Ադրբեջանի պատվիրակությունը: Այդ համատեքստում Հելմուտ Կոյկինը հույս է հայտնել, որ պատերազմից հետո առաջին այցը Հայաստան և մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին կնպաստեն փոխըմբռնման և վստահության մթնոլորտի ձևավորմանը:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը դեռևս չի լուծվել: Նա մատնանշել է միջազգային դերակատարների ներգրավվածությունը հակամարտության լուծման հարցում և կարևորել տարածաշրջանում մշտական կայուն խաղաղության հաստատումը: Մարիա Կարապետյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման, Արցախում մշակութային ժառանգության պահպանության հարցերը:

Թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Արթուր Խաչատրյանը և Աննա Գրիգորյանը:

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն ասել է. «Թույլ տվեք շատ հստակ ասել, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել պատերազմի վերջնական արդյունքները: Մենք հստակ հայտարարել ենք, որ պատերազմը երբեք չի կարող համարվել ընդունելի լուծում: Եթե իսկապես խոսում ենք կայուն, երկարաժամկետ խաղաղության մասին, ապա դրան հնարավոր է հասնել բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Պատերազմը լուծում չի: Մենք՝ որպես Եվրախորհրդարանի անդամներ, այստեղ ենք եկել ձեզ օգնելու և չենք կարող ձեր փոխարեն լուծել ձեր խնդիրները: Դուք պետք է լուծեք խնդիրները, բայց մենք պատրաստ ենք օգնելու»:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ:

Թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի անկախ վերլուծաբաններ, ԵՄ փորձագետներ` կարևորելով նման ձևաչափով քննարկումը և այն դիտարկելով երկխոսության վերսկսման յուրօրինակ հարթակ:

Բանախոսներն անդրադարձել են նաև ԵՄ և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգությանն ու քաղաքական իրավիճակին, ժողովրդավարական բարեփոխումներին:

Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստում քննարկվել է «Արևելյան գործընկերության երկրներում էներգետիկ անվտանգության և դիմակայունության մարտահրավերները «Եվրոպական կանաչ գործարքի և մաքուր էներգիայի անցման» համատեքստում» զեկույցը:

Թեմայի վերաբերյալ իրենց մտքերն են հայտնել Եվրոպական միության փորձագետները: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Մերի Գալստյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում