ԼԼիլիթ Ասատրյան

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրները

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրները

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտվել է մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոնությունը նվաճել էր բազմամարտում, երեկ լավագույնն է եղել նաև ազատ վարժություններում, հենացատկում, ինչպես նաև զուգափայտերի և պտտաձողի վրա:

Նժույգթափերում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Հարություն Մերդինյանը, իսկ օղակների վրա՝ Վահագն Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ այնքան էլ գոհ չէ Հայաստանի առաջնության արդյունքներից. «Գոհ չեմ մարզիկների ցուցադրած որակից, քանի որ նրանք պետք է ավելի լավ հանդես գային: Գուցե խնդիրն այն էր, որ ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո եկանք և մասնակցեցինք առաջնությանը, և գործիքների փոփոխությունը զգացնել տվեց»:

Այդուհանդերձ, Հակոբ Սերոբյանի խոսքով՝ երիտասարդների մասնակցությունը գոհացուցիչ էր. «Լավ երիտասարդներ ունենք, և այժմ էլ ուրվագծվում է, թե ովքեր պետք է մասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը»:

Երիտասարդ մարմնամարզիկները, իսկապես, բավականին լավ արդյունքներ են ցույց տվել մեծահասակների հետ պայքարում: Ազատ վարժություններում երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել պատանի մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մամիկոն Խաչատրյանը:

Նժույգթափերում արծաթե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը, իսկ եռյակը եզրափակել է Գագիկ Խաչիկյանը:

Օղակների վրա լավագույն երկրորդ արդյունքը ցույց է տվել Արթուր Ավետիսյանը, երրորդը՝ Արթուր Դավթյանը:

Հենացատկում արծաթե մեդալը նվաճել է Գագիկ Խաչիկյանը, իսկ բրոնզե մեդալը՝ Ռոբերտ Գյուլումյանը:

Զուգափայտերի վրա երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը, իսկ պտտաձողի վրա՝ Էրիկ Բաղդասարյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Ինչ վերաբերում է կանանց պայքարին, ապա այստեղ ազատ վարժությունում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մանե Պողոսյանը, հենացատկերում՝ Մարիետա Բուչախչյանը, զուգափայտերում՝ Մանե Պողոսյանը, հավասարակշռության գերանի վրա՝ Աննա Մանթաշյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում