Ադրբեջանը փորձում է մեկուսացնել Արցախն արտաքին աշխարհից. Արցախի և ՀՀ ՄԻՊ-երի համատեղ ասուլիսը

ՆՆարեկ Սահակյան

34 տարի առաջ այս օրերին համազգային շարժմամբ Արցախում դրվեցին մարդու իրավունքների պաշտպանության հիմքերը: Այս մասին Արցախի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ընդգծել՝ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ փորձում են մեկուսացնել Արցախն արտաքին աշխարհից:

Արման Թաթոյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Օգտագործելով այս առիթը՝ ուզում եմ դիմել միջազգային գործընկերներին, ովքեր մեզ հետևում են, որ պետք է հավատարիմ լինել այն միջազգային սկզբունքներին, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, շատ այլ կազմակերպություններ անընդհատ քարոզում են, որ իրավունքների պաշտպանությունը չի կարող քաղաքական սահմանափակումներ ունենալ: Այսինքն՝ տարածքի, որևէ պետության քաղաքականապես չճանաչված լինելը չի նշանակում, որ իրավունքների առումով պետք է մեկուսացված մնա աշխարհից:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից 63 անգամ խախտվել են Արցախի քաղաքացիների իրավունքները, դրանցից 13-ը՝ կյանքի իրավունքի խախտում է: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Բաքվում ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկում, այլև խրախուսում են հանցագործներին:

Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Մենք ունենք ժամանակագրական կոնկրետ դեպքեր՝ նույն Սաֆարովի դեպքն է, և ոչ միայն Սաֆարովի, նաև 2020 թվականի պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններ իրականացրած բազմաթիվ անձանց խրախուսելու դեպքերն են:

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդես կգան համատեղ զեկույցով, որի շրջանակում փաստահավաք առաքելությամբ եղել են Արցախի ճակատային բնակավայրերում, հանդիպել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների հետ:

Արման Թաթոյան - Մեր փաստերը ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին ինքնին խաղաղ բնակիչների կյանքի իրավունքի խախտում են, որովհետև այդ ամենը կապված է նրանց ցեղասպան քաղաքականության հետ: Այսինքն՝ աղբյուրն այս խախտումների այդ քաղաքականությունն է:

Թաթոյանն ու Ստեփանյանը բարձր են գնահատում երկու կառույցների գործակցությունը՝ առանձնացնելով պատերազմական ու դրան հաջորդած ժամանակաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ջանքերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում