Հայաստանում կստեղծվի նաև սննդամթերքի անվտանգության ռիսկը գնահատող գիտական կենտրոն

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանից Եվրամիության երկրներ հիմա ազատ կարելի է մեղր արտահանել. խիստ չափորոշիչներ էին սահմանվել, և այս պատճառով է, որ արդեն մի քանի տարի մեղվաբուծությունը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոշորացույցի տակ էր:

Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Դա անընդհատ ծանր աշխատանքի արդյունք է, որ քիչ-քիչ կարողանում ենք բացել ինչ-որ սննդամթերքի հոսքը դեպի Եվրամիություն կամ այլ երկրներ: Էս պահին ունենք մեղրի թույլտվություն: Հիմա աշխատում ենք ձկան վրա:

Հիմա Եվրամիությունից սպասում են ձկան վերաբերյալ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձագանքին: Որպեսզի Հայաստանում սննդամթերքի հետ կապված ռիսկերը նվազեն, ու արտահանման թույլտվություններ ստանալու գործընթացը ավելի հեշտանա, Ավստրիական զարգացման համագործակցության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության» համաֆինանսավորմամբ կվերազինվեն նաև ՍԱՏՄ լաբորատորիաները:

Գեորգի Ավետիսյան - Այսօր ամբողջ աշխարհն անցել է սննդամթերքի անվտանգությանը՝ ռիսկի հիման վրա: Մենք դեռ ռիսկի հիման վրա չենք իրականացնում, բայց, հուսով եմ՝ շուտով դա էլ կունենանք:

Հայաստանում կստեղծվի նաև սննդամթերքի անվտանգության ռիսկը գնահատող գիտական կենտրոն, որը համապատասխան ուսումնասիրություն կանի: «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը» պատրաստ է նաև կազմակերպել մասնագիտական դասընթացներ, քանի որ աշխարհում սննդի չափորոշիչները որոշող լաբորատոր սարքերը ևս արագ են փոխվում՝ ասում է Գեորգի Ավետիսյանը:

Գեորգի Ավետիսյան - Մեր սարքավորումները 2016-17 թվականներին լավագույններն էին, հիմա երևի պետք է արդիականացնել, ավելացնել նոր սարքեր կամ այդ սարքերի վրա ավելացնել այլ լրակազմ, որոնք այսօր կան Եվրամիությունում:

Նոր սարքավորումներով վերազինված լաբորատորիաներում հնարավոր կլինի գնահատել ոչ միայն սննդամթերքի ռիսկայնությունը, այլև թե որքանով է տվյալ սննդամթերքը համապատասխանում կանաչ գյուղատնտեսության պահանջներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում