Արարատի մարզ տանող տրանսպորտն է, կեսօրից հետո ուսանողների տուն վերադառնալու պիկ ժամը։ Ավտոբուս-միկրոավտոբուսները սպասում են րոպեները լրանան, որ շարժվեն։ Ուղևորները, որ դատարկ մեքենա մոտենա-նստեն։
Անկախ ուղևորների հոսքից՝ Արարատի գյուղերի ուղղությամբ ավտոբուսները Երևանից մեկնում են հիմնականում ժամը մեկ։ Դեպի մարզի քաղաքներ՝ գրաֆիկը տարբեր է․ Մասիս գնում են ամեն 20 րոպեն մեկ, Արարատ՝ 50 րոպե ընդմիջումով, մարզկենտրոն Արտաշատ՝ 15 րոպե հաճախականությամբ։
Հատկապես առավոտյան ու երեկոյան, երբ մարդկանց հոսքը մեծ է, ցանկալի է` մեքենաներն ավելի հաճախ գիծ դուրս գան՝ ասում են մարդիկ։ Ուղևորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս» և «Լիգա» ընկերությունների վարորդները՝ հակադարձում․ շարժվում են ըստ ժամանակացույցի՝ Արտաշատի «Սպրինտերն», օրինակ, դատարկ երկու մեքենա, և սպասող ուղևորները կանգնած՝ մինչև 35 րոպեն չլրացավ՝ տեղից չշարժվեց։
Արարատի տրանսպորտի գրաֆիկն ու սակագներն առաջիկայում կբարելավվեն՝ կանխատեսում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Գերատեսչությունն այս մարզի համար միասնական երթուղիների մրցույթ է անցկացրել։
Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - «Ռեգնում» ՍՊԸ-ի կողմից առաջարկված սակագները նվազագույնն էին երկու մասնակիցների միջև, որոնց թույլատրվել էր մրցույթին մասնակցել:
Ընկերությունը խոստացել է մոտ 2,4 մլրդ դրամի ներդում։ Հաղթողին ընտրել են ըստ ներկայացրած սակագների, քանի որ մրցույթին մասնակցող բոլոր երեք ուղևորափոխադրողն էլ առաջարկել են ծառայությունը մատուցել ԵԱՏՄ-ից ձեռք բերվող գրեթե նույնանման ավտոբուսներով։ 7,6 և 8,8 մետրանոց «ՊԱԶ Վեկտոր»-ների պատվերը երկուշաբթի կտան, ամիսուկեսից մեքենաները Հայաստանում կլինեն՝ վստահ է «Ռեգնումի» ներկայացուցիչը։
Մացակ Պողոսյան («Ռեգնում» ընկերության ներկայացուցիչ) - Ունենալու ենք 87 հատ 22 թվականի ավտոբուսներ, որոնք հագեցած են լինելու օդորակիչներով, ունենալու են հաշմանդամության հարմարություններ:
Պողոսյանի պնդմամբ՝ ուղևորափոխադրման փորձ ընկերությունն ունի․ հաղթող «Ռեգնումի» սեփականատերը եղել է այժմ աշխատող «Լիգայից», լավ տեղյակ է Արարատի մարզի տրանսպորտային խնդիրներին ու գործողից ցածր սակագներ է ներկայացրել գյուղերի ուղղությամբ։
Մացակ Պողոսյան - Դրանք հաստատված են, 10 տարի նույն սակագներով աշխատելու ենք:
Ասել, որ այսինչ բնակավայր գնացող չկա, փոխադրումը ֆինանսապես ձեռնտու չէ, հրաժարվում են տվյալ ուղղությունից կամ սակագին բարձրացնում՝ այսուհետև բացառվում է։ Պետությունն Արարատի մարզի համար միասնական երթուղիների մոդելն է ընտրել՝ նույն ընկերությանը վստահել և՛ ներմարզային, և՛ միջմարզային, նաև դեպի Երևան փոխադրումները, որ մի գծի շահույթի հաշվին փոխհատուցի մյուսի հնարավոր վնասը, և ուղեվարձը ժամանակ առ ժամանակ ավելացնելու հայտ չներկայացնի՝ տրանսպորտային նոր մոդելին անցնելու տրամաբանությունն է ներկայացնում փոխնախարար Սիմոնյանը։
Արմեն Սիմոնյան - Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս խոշորացման պարագայում ուղղությունները բավականին գրավիչ են դառնում, երբ որ մի ընկերություն է դա սպասարկում, հակառակ դեպքում մենք մրցույթ չէինք հայտարարի նույնիսկ:
Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ հաղթող ընկերության հետ նախ կնքվելու է նոր ավտոբուսները երկիր բերելու ժամանակացույց, ապա՝ հավանաբար ամռան կեսից, ծառայություն մատուցելու պայմանագիր։ Եթե, իհարկե, մրցույթի արդյունքները չվիճարկվեն։
Արմեն Սիմոնյան - Հենց նոր ինձ համակարգով եկավ գրություն, որ «Լիգա» ընկերությունը վարչական հայց է ներկայացրել դատարան:
Բողոքի՝ վարույթ ընդունվելուց է կախված՝ Արարատի ուղևորափոխադրողը ե՞րբ կփոխվի կամ կփոխվի՞ արդյոք։ Ի դեպ, դատական հայց կա նաև՝ Արմավիրի մարզի Արմավիր տարածաշրջանի մրցույթի հետ կապված։ Աշխատում է Էջմիածնի՝ Վաղարշապատի միասնական երթուղու հաղթողը։ Ուղևորափոխադրման միասնական օպերատոր է ընտրվել նաև Կոտայքում և արդեն ներկրել խոստացած 150 նոր ավտոբուս-միկրոավտոբուսներից 40-ը։ Առայժմ երեք այս մարզում կփորձարկվի տրանսպորտային նոր մոդելը: Երբ համակարգն ամբողջությամբ աշխատի, ու պարզ դառնա՝ սպասումներն ինչքանո՞վ են արդարանում՝ արդյունքից կախված նորամուծությունը կկիրառվի նաև մյուս մարզերում։
Դիտումներ0













